ՄԻՊ-ը երկրորդ զեկույցն է ուղարկել միջազգային կառույցներին

ՄԻՊ-ի՝ միջազգային կառույցներին ուղարկված զեկույցում նշված է, որ ադրբեջանական կողմը սեփական հրետանային մարտկոցները տեղադրել է խաղաղ բնակչության մոտ, բնակավայրերում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը երկրորդ միջանկյալ զեկույցն է անգլերենով ուղարկել միջազգային կառույցներին՝ կապված Հայաստանի Տավուշի մարզի ուղղությամբ հուլիսի 12-14-ի ադրբեջանական զինված ուժերի հրետակոծությունների և գնդակոծությունների հետ։

Հայաստանը գնդակոծությունների մասին միջանկյալ զեկույց է ուղարկել միջազգային կառույցներին

«Զեկույցում հատուկ շեշտադրումներ են արված քաղաքացիական բնակավայրերի, նրանց բնակիչների առողջության, կյանքի ու սեփականության պաշտպանության մասով։ Ինչպես նախորդը, այս զեկույցն էլ առանձին ընթացակարգով ուղարկվում է նաև ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին»,-նշված է ՄԻՊ-ի հայտարարության մեջ։
Թաթոյանը հիշեցնում է, որ նման հնարավորություն ունեն միայն «A» միջազգային կարգավիճակ ունեցող Մարդու իրավունքների ազգային հաստատությունները:

Զեկույցում արտացոլվել են նաև այն տվյալները, որ ադրբեջանական կողմը սեփական հրետանային մարտկոցները տեղադրել է խաղաղ բնակչության մոտ` բնակավայրերում, որպեսզի հայկական կողմի պատասխան կրակն ուղղվի սեփական բնակչության վրա։

Հարվածային անօդաչու սարքերը կկատարելագործենք․ Հովհաննիսյան

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը շարունակում է իրականացնել իրավապաշտպան գործունեությունը՝ անմիջական կապ պահպանելով Տավուշի մարզի Մովսես, Չինարի, Այգեպար, Բերդ և մի շարք այլ համայնքների, ինչպես նաև Տավուշի մարզպետարանի ու ՀՀ պաշտպանության նախարարության հետ՝ պաշտոնական հաղորդակցությամբ:

Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը միջազգային կառույցներին էր ուղարկել Տավուշի մարզի ուղղությամբ հուլիսի 12-ին և 13-ին ադրբեջանական զինված ուժերի գնդակոծությունների վերաբերյալ առաջին միջանկյալ զեկույցը՝ անգլերեն լեզվով:

ՄԻՊ-ը նոր զեկույց կուղարկի միջազգային կառույցներին՝ Չինարիից ստացած նոր փաստերով

Հուլիսի 12–ից սկսած իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:

Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը` կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և, կորուստներ տալով, հետ շպրտվել:

Վիրավոր զինծառայողներից մեկի վիճակը ծանր է. ՊՆ

Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում է գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։ 

Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 11 զոհ, իսկ հայկական կողմը` 4 զոհ և 10 վիրավոր։