ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. Մեկ շաբաթ առաջ անհետացած տղամարդը հայտնվել է Ադրբեջանի տարածքում։ Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, ադրբեջանցի զինծառայողները նրան ձերբակալել են Նախիջևանի սահմանին։
Համացանցում տեսանյութ է հայտնվել, որում տղամարդը խնդրում է Ադրբեջանի քաղաքացիություն տալ իրեն կամ ուղարկել երրորդ երկիր։
Տղամարդն ասում է, որ իր անունը Նարեկ Սարդարյան է և ինքը Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկի բնակիչ է։
Հուլիսի 9-ին մենք հայտնել էինք, որ 30-ամյա Նարեկը հուլիսի 8-ին ֆերմայից դուրս է եկել, գնացել արոտավայր և չի վերադարձել։ Ներքին Խնձորեսկի ղեկավար Երվանդ Մալունցը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել էր, որ արոտավայրը գտնվում է ձորի տարածքում, սակայն տեղանքը նորություն չէ Նարեկի համար։ Ձորում 4 տեղ կա արոտի համար, որոնցից մեկն էլ ուղևորվել է նա. մյուսներում նրա հորեղբոր տղաներն են եղել։ Ճանապարհին գյուղացիները տեսել են Նարեկին, ասել է` գնում եմ կովերի հետևից։
Նարեկն ամուսնացած է, ունի երկու փոքրիկ տղա։ Գյուղում հայտնի է իր կենսախնդությամբ, հոգեկան առողջության որևէ խնդիր չունի։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը երեկ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ICRC) հայաստանյան պատվիրակության ղեկավար Քլեր Մեյթրոյի հետ քննարկել է ՀՀ երկու քաղաքացիների հարցը, որոնցից մեկը գնացել է արոտավայր անասունների հետևից և չի վերադարձել, իսկ մյուսը գտնվում է Ադրբեջանում անազատության մեջ։ Անհետացած քաղաքացիներից մեկը Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ գյուղի բնակիչ, ՀՀ քաղաքացի Նարեկ Սարդարյանն է, մյուսը՝ Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ, ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանը, որն Ադրբեջանում անազատության մեջ է։