Ադրբեջանի տարածքում հայտնված Նարեկ Սարդարյանի հարցով ՄԻՊ-ը դիմել է Կարմիր Խաչին

ԿԽՄԿ-ն Ադրբեջանի տարածքում հայտնված ՀՀ քաղաքացու գործով հատուկ գործընթաց է սկսել, վարույթ հարուցել, հարցում արել Բաքվի գրասենյակ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik․ Ներքին Խնձորեսկի` Նախիջևանում հայտնված 30-ամյա բնակիչ Նարե Սարդարյանի հարցով
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը հեռախոսազրույց է ունեցել ԿԽՄԿ գրասենյակի տնօրենի հետ: Տեղեկությունը Sputnik Արմենիային հաղորդեց Թաթոյանը:

«Նա հայտնեց, որ հատուկ գործընթաց են սկսել, վարույթ են հարուցել, հարցում են արել Բաքվի գրասենյակ: Ճիշտ է, Բաքուն արդեն հաստատել է, որ ՀՀ քաղաքացին անցել է Ադրբեջանի կողմը, բայց Կարմիր խաչը դեռ չի հաստատել, որովհետև դեռ սպասում է իրենց աղբյուրի պաշտոնական հաստատմանը»,- ասաց ՀՀ ՄԻՊ–ը:

Պաշտպանը հայտնեց նաև, որ ճշտել է՝ արոտավայրը, ուր նախնական վարկածով այդ օրը գնացել է Սարդարյանը, ավելի մոտ է ոչ թե իր հայրենի Խնձորեսկ գյուղին, այլ Գորայքին: Նրա ազգականների մի մասը բնակվում են հենց այդ գյուղում:

Ներքին Խնձորեսկի անհետացած բնակիչը հայտնվել է Ադրբեջանի տարածքում

«Ծնողներն ու ազգականներն էլ ոչ մի հստակ բան չգիտեին ու չէին կարողանում նրա կորչելու հանգամանքի հետ որևէ կապ գտնել: Բայց արդեն հայտնի դարձավ, որ հայտնվել է Ադրբեջանում»,- ասաց Թաթոյանը:

ԿԽՄԿ հնարավոր գործողությունների մասին հարցին ՄԻՊ-ը դժվարացավ պատասխանել՝ նշելով, որ այդ միջազգային կառույցն աշխատում է իր մանդատի սահմաններում: Ինչ վերաբերում է Նարեկ Սարդարյանի ու նախկինում Ադրբեջանի տարածքում հայտնված Կարեն Ղազարյանի ու Արայիկ Ղազարյանի հնարավոր վերադարձին, Արման Թաթոյանը հայտնեց, որ ներկայում ԿԽՄԿ գրասենյակ է դիմել միայն Նարեկ Սարդարյանի հարցով, բայց վստահեցրեց, որ առաջիկայում կներկայացնի նաև երկու այլ քաղաքացիների հարցը:

«Նարեկը պատճառ չուներ սահմանն անցնելու». ինչպես է 30-ամյա տղամարդը հայտնվել Ադրբեջանում

Հուլիսի 9-ին մենք հայտնել էինք, որ 30-ամյա Նարեկը հուլիսի 8-ին ֆերմայից դուրս է եկել, գնացել արոտավայր և չի վերադարձել։

Ներքին Խնձորեսկի ղեկավար Երվանդ Մալունցը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել էր, որ տեղանքը նորություն չէ Նարեկի համար։

Ձորում 4 տեղ կա արոտի համար, որոնցից մեկն էլ ուղևորվել է նա։ Մյուսներում նրա հորեղբոր տղաներն են եղել։ Ճանապարհին գյուղացիները տեսել են Նարեկին, ասել է` գնում եմ կովերի հետևից։

Համայնքի ղեկավարը հայտնել էր նաև, որ Նարեկ Սարդարյանը հոգեկան առողջության որևէ խնդիր չուներ։

Կարմիր խաչը պաշտոնական գործընթաց է սկսել Ադրբեջանում գտնվող հայի գործով. օմբուդսման