Ինչ վնասներ են գրանցվել Տավուշում հակառակորդի կրակոցներից. ՔԿ–ն մանարամասներ է ներկայացրել

Այգեպարցիները և կոնյակի գործարանի աշխատակիցները պատսպարվել են, ոչ մեկը հակառակորդի արձակված կրակոցներից չի տուժել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն հուլիսի 14-ին հակառակորդի կողմից արձակած կրակոցների դեպքերի առթիվ հարուցել է 3 քրեական գործ՝ ազգային ատելության շարժառիթով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ապօրինաբար, դիտավորությամբ կյանքից զրկելու և գույքը դիտավորյալ ոչնչացնելու հատկանիշներով: Տեղեկությունը հայտնում է Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

ՄԻՊ-ը երկրորդ զեկույցն է ուղարկել միջազգային կառույցներին

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ հուլիսի 14-ին՝ ժամը 09։00-ից մինչև 12:00-ը ադրբեջանական կողմը հրետակոծել է Այգեպար համայնքը, ինչի հետևանքով վնասվել է յոթ առանձնատուն։ Վնասվել են տների արտաքին պատերը, պատուհանները և տանիքները։ Այգեպարցիներից ոչ մեկը չի տուժել։

Երկրորդ քրեական գործը վերաբերում է վնասված գործարանին։ Հաղորդագրությունում ասված է, որ հուլիսի 14-ին՝ ժամը 10:15-ի սահմաններում, հակառակորդը կրակոցներ է արձակվել Բերդ քաղաքի կոնյակի գործարանի ուղղությամբ, որի հետևանքով արկերի պայթյունից վնասվել է  գործարանի մեկ էմալապատ տարա և շենք շինությունների ապակիները։ Կոնյակի գործարանի աշխատակիցների պատսպարվել են, ոչ ոք չի տուժել։

Երրորդ քրեական գործը վերաբերում է վնասված շիրմաքարին։ Հուլիսի 14-ին՝ ժամը 10։00-ից մինչև 11։00-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդը կրակոցներ է արձակել Բերդ քաղաքի Տավուշ բնակավայրի գերեզմանատան ուղղությամբ, որի հետևանքով արկի պայթյունից վնասվել է 1990թ. մահացած բնակչուհու շիրմաքարը և վերջինիս գերեզմանի 3 մետր երկարություն ունեցող հենապատը: Նշված քրեական գործերով կատարվում է նախաքննություն:

Հայկական կողմը պետք է ամեն ինչ անի դիրքային հաջողությունները զարգացնելու համար․ Քոչարյան

Հուլիսի 12–ից սկսած իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:

Դրանից հետո ադրբեջանական ԶՈՒ-ն պարբերաբար կրակահերթ է իրականացնում ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ գյուղերի ուղղությամբ։

Հայկական կողմը ունի 4 զոհ և 10 վիրավոր։ Ադրբեջանը պաշտոնապես հայտարարել է 11 զոհի մասին, նրանց թվում է գեներալ-մայոր Փոլադ Հաշիմովը։