ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի –Sputnik. Մեքսիկայում հնագետները ացկետների հին կորսված պալատի ավերակներ են գտել։ Պալատը նաև իսպանացի կոնկիստադոր Էռնան Կորտեսի նստավայրն է եղել։ Տեղեկությունը հայտնում է BBC News պարբերականը։
Շինության ավերակները հայտնաբերվել են Մեխիկոյի Սահմանադրության հրապարակում իրականացվող վերանորոգման աշխատանքների ժամանակ, երբ բանվորները դեմ են առել բազալտե սալիկների։ Դրանք ացտեկների կառավարիչ Աշայակատլի պալատի բաց հատվածի մաս են կազմել։ Աշայակատլը իշխանության է եկել 1469 թվականին, կառավարել 12 տարի և դարձել ացտեկների վերջին կայսրի` Մոնթեսումա II–ի հայրը։ Իսպանացիների ներխուժման պատճառով բնիկ մեքսիկացիների քաղաքակրթության անկումից հետո պալատը տուն էր դարձել Կորտեսի համար։
Կորտեսը Մեքսիկա էր եկել 1518 թվականին, իսկ 1521 թվականին իր մարդկանցով պաշարել Տենոչթիտլանը, որը հետագայում ավերվեց։
Սենսացիա․ Հայաստանում հնագետները հայտնաբերել են ուրարտական դարաշրջանի կին ռազմիկի կմախքը
Ավելի վաղ` 2020 թվականի հունվարին, հայտնում էին, որ Մեքսիկայի մարդաբանության և պատմության ազգային ինստիտուտի գիտնականները պարզել են, որ Մեխիկոյի քաղաքային պուրակում հայտնաբերած ոսկե ձուլակտորը ացտեկների գանձերի մաս է կազմում, որոնք թալանել էին իսպանացի կոնկիստադորները Էռնան Կորտեսի գլխավորությամբ։
Սենսացիոն գտածո. Հռոմում հնագետները պեղել են Անահիտ աստվածուհու «ազգականին». լուսանկար