Երկաթուղու Թումանյան-Սանահին հատվածում մինչև 12 տոննա քաշով ժայռաբեկոր է ընկել

Ժայռաբեկորի փլուզման արդյունքում երկաթուղուն պատճառվել է նյութական վնաս։ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության ուժերով իրականացված վերականգնողական աշխատանքները տևել են ավելի քան 8 ժամ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. «Հարավկովկասյան երկաթուղու» մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ երեկ` հուլիսի 14-ին, ժամը 13:30-ի սահմաններում, Լոռու մարզի երկաթուղու Թումանյան-Սանահին հատվածում (2618 կմ) երթևեկությունը ժամանակավորապես դադարեցված էր։ Պատճառն այն է, որ «Ճառագայթ» ՍՊԸ-ի կողմից ճանապարհաշինարարական աշխատանքների կազմակերպման արդյունքում, մինչև 12 տոննա քաշով ժայռաբեկոր անջատվել է ժայռից և ընկել երկաթուղային գծերի վրա:

ՀԿԵ մանևրային ջերմաքարշի հրդեհի հետևանքով մեքենավարն ու նրա օգնականը չեն տուժել

Նման դեպք նույն հատվածում արդեն գրանցվել էր հունիսի 10-ին:

«Երկու դեպքում էլ տեղի են ունեցել Հայաստանի երկաթուղու արտաքին հաղորդակցության միակ գործող հատվածում երթևեկության անվտանգությանը սպառնացող միջադեպեր: Ժայռաբեկորի փլուզման արդյունքում երկաթուղուն պատճառվել է նյութական վնաս»,–ասված է հաղորդագրության մեջ:

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության ուժերով իրականացված վերականգնողական աշխատանքները տևել են ավելի քան 8 ժամ, իսկ գնացքների երթևեկությունը վերականգնվել է կեսգիշերին մոտ: Փոխարինվել են վնասված ռելսերը և կոճերը:

Ընկերությունը դեպքի մասին տեղեկացրել է Արտակարգ իրավիճակների նախարարությանը և մարզի ղեկավարությանը:

Հնարավոր փլուզումներին անհապաղ արձագանքելու համար ՀԿԵ-ի աշխատակիցները շուրջօրյա հերթապահություն են իրականացնում տվյալ հատվածում:

Լավրովը հուսով է` Ռուսաստանն ու Հայաստանը կկարողանան կարգավորել ՀԿԵ–ի հարցը