Ցուցակագրվածներից ոմանք հրաժարվում են ՌԴ-ից գալ Հայաստան. դեսպանատնից բացատրել են` ինչու

Ավելի քան 25 հազար մարդ կա հայրենիք վերադառնալու ցուցակում։ 5 հազար մարդ արդեն վերադարձել է Հայաստան:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի — Sputnik. Ռուսաստանում Հայաստանի դեսպանատանը հերթագրված Հայաստանի քաղաքացիները սկսել են հրաժարվել վերադառնալ հայրենիք։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի թղթակցին ասել է Ռուսաստանում Հայաստանի դեսպանության խորհրդական Էդվարդ Ջամբազյանը։

«Ռուսաստանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը կայունացել է, և նրանք հիմա կարող են վերադառնալ իրենց աշխատանքին։ Այդ պատճառով հրաժարվում են նախնական հերթագրումից», - ասաց նա:

Ինչ թռիչքներ են նախատեսված առաջիկա օրերին

Խորհրդականն ընդգծել է, որ այս պահին դեսպանատունը քաղաքացիների նոր հերթագրում չի իրականացնում, քանի որ ցուցակներում ավելի քան 25 հազար մարդ կա։ Նրանցից հինգ հազարը վերադարձել են հայրենիք: Իսկ մնացած քաղաքացիները վերադառնում են տարբեր չարտերային չվերթերով։

«Մենք նախապես հայտնում ենք, թե որ հեռախոսահամարներով և որ չվերթի համար կարող են տոմսեր ձեռք բերել։ Իսկ եթե քաղաքացին հրաժարվում է վերադառնալ, ապա ավիաընկերությունը վաճառում է նրա տոմսը», — ասաց Ջամբազյանը։

Նա ընդգծեց, որ առաջիկա երկու չվերթները նախատեսված են հուլիսի 16-ին և 17-ին Մոսկվայից Երևան Red Wings ավիաընկերության կողմից:

Նշենք, որ մարտին 16–ից Հայաստանում գործող արտակարգ դրության ռեժիմը երկարաձգվել է մինչև օգոստոսի 12-ը:

Ռուսաստանը և Թուրքիան հուլիսի 15-ից կվերականգնեն ավիահաղորդակցությունը

Հիշեցնենք, որ պարետի նոր որոշմամբ՝ Հայաստան վերադարձող քաղաքացիներն այլևս չեն մեկուսացվում հյուրանոցներում. նրանց ինքնամեկուսացման պահանջ է ներկայացվում։ Այսինքն՝ արտերկրից ժամանած ՀՀ քաղաքացիները և ՀՀ տարածք մուտք գործելու իրավունք ստացած օտարերկրյա քաղաքացիները հունիսի 23-ից պարտավորվում են ինքնուրույն կազմակերպել իրենց տեղափոխումն օդանավակայանից և ցամաքային սահմանային անցակետերից դեպի նախանշված ինքնամեկուսացման վայրեր: