Չպայթած արկ` Տավուշի գյուղերում. Արծրուն Հովհաննիսյանը լուսանկար է հրապարակել

Սա ևս մեկ անգամ վկայում է այն մասին, որ ադրբեջանական կողմը թիրախավորել է նաև հայկական բնակավայրերը, խաղաղ բնակչությանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի — Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում Տավուշի գյուղերում ընկած չպայթած արկի լուսանկար է հրապարակել։

Թիրախավորված կրակոցներ չեն արձանագրվել. նոր մանրամասներ սահմանային իրավիճակի մասին

Սա ևս մեկ անգամ վկայում է այն մասին, որ ադրբեջանական կողմը, բացի  մարտական դիրքերից թիրախավորել է նաև հայկական բնակավայրերը, խաղաղ բնակչությանը։

Նշենք, որ հուլիսի 14–ին Տավուշի ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում կայացած առաջին բրիֆինգի ժամանակ Արծրուն Հովհաննիսյանն ասել էր, որ հակառակորդի կողմից թիրախավորվել են հայկական բնակավայրերը՝ Տավուշի Չինարի, Ագեպար, Պառավաքար, Ներքին Կարմիրաղբյուր գյուղերը, նաև Բերդ քաղաքը՝ 2 գործարաններով, վնասվել են տներ, գազատարը։ Նա նշեց, որ բարեբախտաբար քաղաքացիական բնակչության շրջանում զոհեր չկան։

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը Տավուշի մարզում է

Հուլիսի 12–ից սկսած իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:

Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում է գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։

Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 11 զոհ, իսկ հայկական կողմը` 4 զոհ, 10 վիրավոր։