«Կապույտ մզկիթում» ռումբի տեղադրման մասին ահազանգը կեղծ էր

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հաղորդել է, որ ռումբի տեղադրման մասին ահազանգի ժամանակ մզկիթում ոչ մի քաղաքացի չի եղել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի - Sputnik. Երևանի «Կապույտ մզկիթում» ռումբի տեղադրման մասին ահազանգը պարզվեց՝ կեղծ էր: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչ Կարապետ Հարությունյանը:

Երևանի «Կապույտ մզկիթում» ռումբի տեղադրման մասին ահազանգ է ստացվել

«Արտակարգ իրավիճակների նախարարությունը ահազանգ է ստացել տեղադրված ռումբի մասին, անմիջապես դեպքի վայր են ժամանել փրկարարները: Նրանք զննել են ամբողջ տարածքը՝ ինչպես ներսից, այնպես էլ դրսից: Զննել ենք անգամ նկուղն ու տանիքը»,- ասաց նա՝ նշելով, որ ոչինչ չեն հայտնաբերել:

Ըստ Հարությունյանի՝ ահազանգի պահին մզկիթի տարածքում քաղաքացիներ չեն եղել:

Դեպքի վայր են մեկնել նաև փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական խմբերը։

Նշենք, որ «Կապույտ մզկիթը» Երևանի ամենահին ճարտարապետական հուշարձաններից մեկն է։

Ինչ է կատարվում Երևանի «Կապույտ մզկիթի» դռներից այն կողմ. լուսանկարներ

Հուսեյն-Ալի խան Քաջարը մզկիթը կառուցել է 1766 թվականին։ 7000 քմ տարածքով համալիրն ունի ներքին բակ, ծիսական շինություն, գմբեթ և մինարեթ։ Ընդհանուր առմամբ կա 28 սրահ, իսկ հյուսիսային մասում տեղակայված է գրադարանը։ 1991 թվականից Իրանը 100 տարի ժամկետով վարձակալել է մզկիթն ու դրա տարածքը։

Մզկիթի սենյակներից մի քանիսը դասարաններ են, որտեղ հայերը պարսկերեն են սովորում, իսկ իրանցիները` հայերեն։