ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի - Sputnik. Հայաստանի պետական սահմանի Տավուշի հատվածում պաշտպանության ժամանակ զոհված մայոր Գարուշ Համբարձումյանը հատմահու կպարգևատրվի «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով, կապիտան Սոս Էլբակյանը՝ Արիության, իսկ կրտսեր սերժանտներ Սմբատ Գաբրիելյանը և Գրիշա Մաթևոսյանը՝ Մարտական ծառայության մեդալներով: Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հենց նոր ստորագրեցի՝ Հայաստանի պետական սահմանի Տավուշի հատվածի պաշտպանության ժամանակ զոհված՝ մայոր Գարուշ Համբարձումյանին «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով, կապիտան Սոս Էլբակյանին Արիության մեդալով, կրտսեր սերժանտներ Սմբատ Գաբրիելյանին եւ Գրիշա Մաթեւոսյանին Մարտական ծառայության մեդալներով հետմահու պարգեւատրելու վերաբերյալ Հանրապետության նախագահին ուղղված միջնորդությունը»,- գրել է նա:
Ինչպես է անցել գիշերը հայ-ադրբեջանական սահմանին. ՊՆ խոսնակը մանրամասներ է հայտնել
Փաշինյանն իր խոնարհում է հայտնել նահատակների ընտանիքներին և նշել, որ մեզնից յուրաքանչյուրը պետք է կարողանա արժանի լինել նրանց սխրանքին, և կլինի:
Հիշեցնենք՝ երեկ՝ հուլիսի 14-ի առավոտյան հայտնի դարձավ, որ հակառակորդի արձակած կրակոցից զոհվել են Գարուշ Վեմիրի Համբարձումյանը և կապիտան Սոս Փայլակի Էլբակյանը։ Ավելի ուշ ՀՀ ՊՆ-ն հայտնեց ևս երկու ժամկետային զինծառայողների՝ կրտսեր սերժանտներ Սմբատ Գևորգի Գաբրիելյանի և Գրիշա Վահանի Մաթևոսյանի զոհվելու մասին: