Մարտերում «զոհվածը» տարկետում ունի. ՊՆ-ն հերքել է ադրբեջանական լուրերը

Ադրբեջանցի հաքերները ստացել են Հայաստանի քաղաքացու անձնագրային տվյալները, իսկ ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել են նրա մահվան մասին: Պարզվել է, որ նա ողջ-առողջ է և բանակում ընդհանրապես չի ծառայել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի - Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել է ադրբեջանական ԶԼՄ-ների տարածած լուրերն այն մասին, որ համացանցում հայտնված անձնագրային տվյալները պատկանում են զոհված հայ զինծառայողին:

Ավելի վաղ ադրբեջանցի հաքերները հրապարակել էին Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի բնակիչ Սլավիկ Սերգեյի Կայծակովի անձնագրային տվյալները՝ նշելով նաև նրա բնակության վայրը։ Այնուհետև ադրբեջանական լրատվամիջոցները գրել են, որ նա զոհվել է Տավուշի ուղղությամբ ընթացող մարտերում։

Այս առնչությամբ ՊՆ-ից մեկնաբանություն խնդրեցինք և ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ տվյալներն իսկապես պատկանում են երիտասարդին, սակայն նա տարկետում է ստացել, և, համապատասխանաբար, բանակում չի ծառայել և չի ծառայում:

«Ըստ էության, տիրապետելով հայ քաղաքացու տվյալներին, ադրբեջանական կողմը փորձել է օգտվել այդ առիթից և ասել, որ նա «զոհվել» է։ Սա, իհարկե, չի համապատասխանում իրականությանը»,-նշեց Ստեփանյանը:

Հիշեցնենք, որ հուլիսի 12–ին, ժամը 12:30-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են կատարել:

Տավուշում զոհված զինծառայողները հետմահու կպարգևատրվեն. Փաշինյանը դիմել է նախագահին

Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր: Դրանից հետո ադրբեջանական ԶՈՒ-ն պարբերաբար կրակահերթ է իրականացնում ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ գյուղերի ուղղությամբ։

Երեկ՝ հուլիսի 14-ի առավոտյան հայտնի դարձավ, որ հակառակորդի արձակած կրակոցից զոհվել են Գարուշ Վեմիրի Համբարձումյանը և կապիտան Սոս Փայլակի Էլբակյանը։ Ավելի ուշ ՀՀ ՊՆ-ն հայտնեց ևս երկու ժամկետային զինծառայողների՝ կրտսեր սերժանտներ Սմբատ Գևորգի Գաբրիելյանի և Գրիշա Վահանի Մաթևոսյանի զոհվելու մասին: