ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի - Sputnik.Հայաստանի Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Կիպրոսի ԱԳ նախարար Նիկոս Խրիստոդուլիդեսի հետ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքից:
«Արտգործնախարարները քննարկել են հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը: Նախարար Մնացականյանն իր կիպրացի գործընկերոջը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել Ադրբեջանի սադրիչ գործողությունների, այդ թվում՝ վերջինիս կողմից քաղաքացիական ենթակառուցվածքների և բնակչության թիրախավորման վերաբերյալ»,- նշված է հաղորդագրության մեջ:
Կիպրոսի ԱԳ նախարարը դատապարտել է Հայաստանի նկատմամբ ադրբեջանական ագրեսիան:
Հայաստանի և Կիպրոսի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձել են նաև տարածաշրջանում կայունության և անվտանգության հարցերին: Այս համատեքստում ՀՀ ԱԳ նախարարը խիստ անհանգստացնող է գնահատել հայ-ադրբեջանական սահմանային լարվածության վերաբերյալ Թուրքիայի անվերապահ աջակցությունն Ադրբեջանի ագրեսիային՝ որպես տարածաշրջանում անկայունության հրահրման և անվտանգության խաթարմանն ուղղված թուրքական իշխանությունների գործելակերպի հերթական արտահայտություն:
Տավուշում զոհված զինծառայողները հետմահու կպարգևատրվեն. Փաշինյանը դիմել է նախագահին
Հիշեցնենք` հուլիսի 12–ից սկսած իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են կատարել:
Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր: Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը` կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և, կորուստներ տալով, հետ շպրտվել:
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը վերսկսել է Տավուշի դիրքերի ուղղությամբ հրետակոծությունը: ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը հուլիսի 13-ի վաղ առավոտյան հայտնեց, որ երկու-երեք ժամվա դադարից հետո առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիրքերի ուղղությամբ։
Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 11 զոհ, իսկ հայկական կողմը` 4 զոհ և 5 վիրավոր։