Հերթը հասավ ՀՀԿ-ին․ թոշակառուին ընտրակաշառք տալու համար մեղադրանք է առաջադրվել

Կենսաթոշակառուն խնդրել է աչքերի վիրահատությունը պետական միջոցների հաշվին իրականացնել, իսկ պաշտոնյան որոշել է օգտվել առիթից և կայանալիք ընտրություններում ՀՀԿ-ի օգտին ձայներ հավաքել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի - Sputnik. Հայաստանի հատուկ քննչական ծառայությունը մեղադրանք է առաջադրել Ա. Բաբայանին՝ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ի օգտին քվեարկելու դիմաց կաշառք տալու համար։ Տեղեկությունը հայտնում է ՀՔԾ մամուլի ծառայությունը։

Արմեն Գևորգյանը 1 միլիոն դոլար կաշառք է ստացել. ինչի՞ համար է ՀՔԾ-ն մեղադրում նրա հորը

«ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ Ա. Բաբայանը 2017 թվականի ապրիլի 2-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների նախընտրական փուլում ընտրողին տվել է կաշառք՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության համապետական ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածուի օգտին կողմ քվեարկելու համար»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հիշյալ ընտրություններին մասնակցելու համար ՀՀԿ-ից առաջադրված է եղել Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի եղբայրը՝ Ղուկաս Ուլիխանյանը: Վերջինիս օգտին առավելագույն քվեներ ապահովելու և ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու խմբային շահերից ելնելով` այդ ժամանակահատվածում Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քարտուղարի պաշտոնը զբաղեցրած Ա. Բաբայանը մտադրվել է նյութապես շահագրգռել ընտրողներին, այդ թվում` յուրաքանչյուր քվեի համար նրանց որպես կաշառք տալ պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության ու սպասարկման ուղեգրեր:

«Մասնավորապես, տեղեկանալով, որ Երևան քաղաքի բնակիչներից մեկը որպես թոշակառու վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմ է դիմել աչքերի վիրահատությունը պետական միջոցների հաշվին իրականացնելու խնդրանքով, Ա. Բաբայանը նրանից պահանջել է ընտանիքի մյուս անդամների հետ մասնակցել կայանալիք ընտրություններին և կողմ քվեարկել իր ներկայացրած անձի` պատգամավորի թեկնածու Ղուկաս Ուլիխանյանի օգտին՝ խոստանալով այդ դեպքում որպես կաշառք տալ առավելություն, այն է՝ ապահովել պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության ու սպասարկման ուղեգրի տրամադրումը:

Կաշառք են վերցրել. Մարտունու և Սևանի անձնագրայինների պետերի պաշտոնավարումը դադարեցվել է

Ընտրություններին մասնակցելուց հետո վերը նշված անձը ուղեգրի հիման վրա բժշկական կենտրոնում ենթարկվել է աչքի անվճար վիրահատության, ինչի դիմաց պետության կողմից հիշյալ բժշկական կենտրոնին փոխանցվել է 77.200 ՀՀ դրամ»,- մանրամասնում է ՀՔԾ-ն։

Ա. Բաբայանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով (ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը): Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ: