ԱՄՆ Կոնգրեսը կքննարկի Ադրբեջանին պաշտպանական սպառազինություններ չտրամադրելու հարցը

Կոնգրեսականններ Բրեդ Շերմանի և Ֆրենկ Փալոունի հեղինակած փոփոխությունների նախագծի քվեարկությունը նախատեսված է հուլիսի 20-ին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի - Sputnik. ԱՄՆ ներկայացուցիչների պալատը մտադիր է քննարկել մի շարք փոփոխություններ, որոնցից մեկը նախատեսում է արգելափակել պաշտպանական սպառազինությունների մատակարարումը Ադրբեջանին: Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը:

«Քանի որ Ադրբեջանը մեծացնում է միջսահմանային հարձակումները, այս փոփոխությունները Կոնգրեսին հնարավորություն են տալիս զսպել Ալիևի ագրեսիան»,- ասել է Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

Նա հորդորել է իր ընկերներին ու կողմնակիցներին դիմել ամերիկացի օրենսդիրներին՝ խնդրելով կողմ քվեարկել կոնգրեսականններ Բրեդ Շերմանի և Ֆրենկ Փալոունի կողմից առաջարկված փոփոխություններին:

Նշենք, որ 2021 թվականին պետական պաշտպանության մասին օրենքի այս փոփոխություններում նշվում է. «ոչ մի միջոց, որոնք նախատեսված են այս օրինագծով, չեն կարող օգտագործվել Ադրբեջանին պաշտպանական սարքեր կամ ծառայություններ փոխանցելու համար»:

Նշվում է, որ Ադրբեջանի կառավարությունը մշտապես սպառնացել է հարվածել ցանկացած քաղաքացիական օդանավի, որը կթռչի Ստեփանակերտ կամ Ստեփանակերտից:

Փոփոխությունների վերաբերյալ քվեարկությունը նախատեսված է հուլիսի 20-ին: