Անդրեյ Կոց, ՌԻԱ Նովոստի
Ինչպես հայտնել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Սպիտակ տանը վերջնականապես որոշել են չերկարացնել Ռազմավարական հարձակողական սպառազինությունների (ՌՀՍ) կրճատման պայմանագիրը։ Սա վերջին փաստաթուղթն է, որը սահմանափակում է երկու միջուկային գերտերությունների ռազմական հզորությունը։ Ինչով է սպառնում աշխարհին միջազգային անվտանգության համակարգի փլուզումը` կարդացեք ՌԻԱ Նովոստիի նյութում։
Չինաստանի ներառում
Լրագրողների հետ զրույցում արտգործնախարարն ընդգծել է, որ Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման պայմանագրի չերկարաձգման պատճառով խուճապի մատնվել պետք չէ. Ռուսաստանը կարող է սեփական անվտանգությունն ապահովել նույնիսկ առանց այդ պայմանագրի։ Այդուհանդերձ, այդ համաձայնագիրը շատ կարևոր էր։ ՌՀՍ-3–ը կնքել էին ՌԴ և ԱՄՆ նախագահներ Դմիտրի Մեդվեդևն ու Բարաք Օբաման 2010 թվականի ապրիլի 8-ին։ Փաստաթուղթն ուժի մեջ էր մտել 2011 թվականի փետրվարին, գործողության ժամկետն ավարտվում է 2021 թվականին։
Ըստ պայմանագրի` կողմերից յուրաքանչյուրն իր միջուկային զինանոցն այնպես պետք է կրճատի, որ 7 տարի անց և հետագայում սպառազինությունների գումարային քանակը չգերազանցի 700 միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների, սուզանավերի վրա բալիստիկ հրթիռների և ծանր ռմբակոծիչների, ինչպես նաև 1550 մարտագլխիկների և 800 բացազատված և չբացազատված արձակման կայանքների թիվը։ ՌՀՍ-3–ը ստորագրել են ՌՀՍ-1–ի գործողության ժամկետի ավարտից ուղիղ մեկ տարի անց։ Եվ եթե նախկինում նրա երկարացման հարցում քչերն էին կասկածում, ապա Դոնալդ Թրամփի նախագահ դառնալուց հետո իրավիճակը կտրուկ փոխվեց։
ԱՄՆ առաջնորդը նշեց, որ ՌՀՍ-3–ի հետագա գոյության հիմնական պայմաններից մեկը Չինաստանի մասնակցությունն է։ Չինաստանի ԱԳՆ սպառազինության վերահսկման դեպարտամենտի տնօրեն Ֆու Ցունը պարզաբանեց, որ դա հնարավոր է միայն երկու դեպքում. եթե Չինաստանն իր միջուկային զինանոցը հասցնի ԱՄՆ–ի մակարդակին կամ եթե Վաշինգտոնը կրճատի իրենը։ Պեկինի համար այլ տարբերակներ ընդունելի չեն, քանի որ հաշվի չեն առնում ռազմավարական ներուժի հսկայական տարբերությունը։
Վաշինգտոնի առաջադրած մյուս պայմանն էլ ձեռնտու չէ Մոսկվային։ Հուլիսի սկզբին սպառազինության վերահսկման հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Մարշալ Բիլինգսլին «սարսափելի» էր անվանել «Բուրեվեստնիկ» հրթիռների և «Պոսեյդոն» դրոնների նախագծերը և կոչ էր արել փակել դրանք, քանի որ ՌՀՍ-3–ի սահմանափակումների տակ չեն մտնում։ Ամերիկացիները դրանից առաջ էլ էին պնդում, որ պետք է սահմանափակել ռուսական նորագույն սպառազինությունը, այդ թվում` «Ցիրկոն» ոչ միջուկային գերձայնային հականավային հրթիռների։
Ինչ տեղի կունենա ջերմամիջուկային ռումբի հետ, եթե F-35-ի պոչի մասը թռիչքի սկզբում պոկվի
«Սա միայն մեկ բան է վկայում, որ ԱՄՆ–ն կորցնում է համաշխարհային առաջնորդության պահպանման լծակները` բացառությամբ միջուկային շանտաժի, – պարզաբանում է ռազմական գիտությունների դոկտոր Կոնստանտին Սիվկովը։ – Տնտեսապես նրանք արդեն որոշ ուղղություններով հետ են մնում Չինաստանից, մի շարք ռազմական տեխնոլոգիաներով էլ (օրինակ` գերձայնային զենքի)` Ռուսաստանից։ Այդ պատճառով էլ ձգտում են մեզ դրդել, որ հրաժարվենք առաջադեմ մշակումներից։ Մենք չպետք է կուլ տանք այդ խայծը»։
Անզիջում դիրքորոշում
Սերգեյ Լավրովն ընդգծել է, որ Ռուսաստանը ԱՄՆ–ին չի խնդրելու երկարացնել պայմանագիրը։ Թեև Մոսկվան միշտ պատրաստ է եղել որոշակի զիջումների գնալ։ Նախարարը հայտնել է, որ ՌՀՍ-3–ի շրջանակում ամերիկացիների հետ քննարկել են ռուսական երկու նորագույն ռազմավարական համակարգի թվաքանակի սահմանափակման հնարավորությունը, երբ դրանք ամբողջությամբ տեղակայվեն։ Խոսքը «Ավանգարդ» գերձայնային պլանավորող մարտական բլոկերի և «Սարմատ» միջմայրցամաքային բալիստիկ ծանր հրթիռի մասին է։
«Ինչ վերաբերում է մյուս երեք համակարգերին («Բուրեվեստնիկ» թևավոր հրթիռների, «Պոսեյդոն» ստորջրյա անօդաչուների և «Ցիրկոն» գերձայնային հրթիռներին – խմբ.), ապա դրանք նոր են և այն կատեգորիաների շարքում չեն, որոնց վրա տարածվում է ՌՀՍ-3–ի պայմանագիրը, – ընդգծել է Լավրովը։ – Սակայն մենք պատրաստ ենք խոսել նաև այն մասին, որ գործող համաձայնագրի տեսանկյունից դասական չհամարվող սպառազինությունները քննարկման առարկա դառնան»։
Թեպետ քիչ հավանական է, որ Միացյալ Նահանգները պատասխան փոխզիջումների գնա։ Վաշինգտոնը բազմիցս անզիջում հայտարարություններ է արել. «Կա՛մ դուք անխոս համաձայնում եք մեր պայմաններին, կա՛մ մենք դուրս ենք գալիս պայմանագրից»։ Ակնհայտ է, որ ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Չինաստանը մտադիր չեն համաձայնել ամերիկացիների պահանջների հետ` հաշվի չառնելով սեփական ազգային շահերը։ Մասնագետների կարծիքով` քիչ հավանական է, որ ՌՀՍ-3 պայմանագիրը կերկարացվի։ Իսկ դա նշանակում է, որ միջազգային անվտանգության համակարգն ամբողջովին կփոխվի։
Որակ` քանակի փոխարեն
«Եթե խոսենք հենց ռազմական ոլորտի միջազգային անվտանգության համակարգի մասին, ապա պետք է խոստովանենք, որ այն արդեն գրեթե գոյություն չունի, –ասում է «Արսենալ Օտեչեստվա» ամսագրի գլխավոր խմբագիր Վիկտոր Մուրախովսկին։ – Այդ համակարգը պահվում էր ԽՍՀՄ–ի և ԱՄՆ–ի, իսկ ավելի ուշ Ռուսաստանի և ԱՄՆ–ի միջև կնքած համաձայնագրերի վրա։ Դրանք ՀՀՊ, «Միջին ու փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին», միջուկային փորձարկումների համընդհանուր արգելքի մասին պայմանագրերն են, որոնք ամերիկացիները չեն վավերացրել։ Եվրոպայում անվտանգության և համագործակցության մասին համաձայնագիրը, ինչպես նաև նրա մաս կազմող` Եվրոպայում սովորական ԶՈւ–ի մասին պայմանագիրը, որը նույնպես վախճանվեց ԱՄՆ–ի պատճառով։ Ողջ համակարգը, որը մանրակրկիտ կառուցվում էր սառը պատերազմի սուր կոնֆլիկտային իրավիճակներում, Վաշինգտոնի նախաձեռնությամբ է տապալվել»։
Փորձագետի խոսքով` բացի ՌՀՍ-3–ից, մնացել է միայն Հրթիռային տեխնոլոգիաների վերահսկման ռեժիմի մասին պայմանագիրը։ Սակայն այդ փաստաթուղթն էլ ամերիկացիները փորձում են հարմարեցնել իրենց։ «Ռոյթերս» գործակալությունը հունիսին, երկրի ռազմարդյունաբերական համալիրի և ղեկավարության աղբյուրներին հղում անելով, հայտնել էր, որ Սպիտակ տունը մտադիր է վերանայել պայմանագրի վիճակը, որպեսզի տարբեր երկրներին ավելի շատ մարտական ԱԹՍ–ներ վաճառի։ Հազիվ թե դա ձեռք տա համաձայնագրի մյուս մասնակիցներին։
Ռուսաստանը հաուբիցն է ընտրել․ ո՞րն է «Կոալիցիա-ՍՎ»-ի առավելությունը
«Կարելի է ցավով փաստել, որ այժմ ամեն ինչ ստիպված կլինենք կրկին վերաձևել, – նշում է Մուրախովսկին։ Մեր նախագահն արդեն հանդես է եկել ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի մշտական հինգ անդամների հետ հանդիպելու նախաձեռնությամբ, այդ հարցը քննարկելու համար։ Գուցե անցում կատարվի եթե ոչ սահմանափակումների մասին, ապա գոնե միջուկային սպառազինությունների նկատմամբ վերահսկման մասին միջազգային պայմանագրի։ Սակայն դատելով Վաշինգտոնի և Լոնդոնի քաղաքականությունից և դիրքորոշումից`այս նախաձեռնությունը նվազագույն հեռանկարներ ունի»։
Փորձագետն ընդգծել է, որ հավանական չի համարում սպառազինությունների նոր «քանակային» մրցավազքը, երբ Ռուսաստանն ու ԱՄՆ–ն դարձյալ սկսեն ընդլայնել միջուկային մարտագլխիկների թիվն ու դրանց մատակարարման միջոցները։ Սակայն ռազմավարական սպառազինության ոլորտում տեխնոլոգիական գերակայության համար մղվող պայքարը խոստանում է թեժ լինել։
Առանց պաթոսի. ռազմական ոլորտում Հայաստանի և Ռուսաստանի բարեկամության մասին խոսում են թվերը