Կխորացնենք Հայաստանի և Ֆրանսիայի համագործակցությունը․ Փաշինյանը շնորհավորել է Մակրոնին

Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Ֆրանսիայի՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահի ձևաչափով կառուցողական ու հավասարակշռված միջնորդական ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման գործընթացում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին՝ երկրի Ազգային տոնի կապակցությամբ:

«Մեծարգո պարոն Նախագահ, թանկագին Էմանուել, հայ ժողովրդի և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և  Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի կապակցությամբ»,-ասված է ուղերձում։

ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին

Փաշինյանի խոսքով՝ ֆրանսիացի ժողովրդի ազատատենչ ու հեղափոխական ոգու հաղթանակի շնորհիվ Եվրոպայի պատմական զարգացման առանցքում դրվեցին մարդու իրավունքների, քաղաքացիների իրավահավասարության և լուսավորության քաղաքակրթական արժեքները։

«Այսօր մենք հպարտությամբ ենք արձանագրում Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարձր մակարդակի առանձնաշնորհյալ երկխոսության առկայությունը, ինչը հիմնվում է հայ-ֆրանսիական պատմական ու մշակութային բազմադարյա կապերի և ընդհանուր արժեքների վրա։ Այսօր, երբ աշխարհը դարձել է անկանխատեսելի և մարտահրավերներով լի, մենք վերահաստատում ենք մեր լիարժեք պատրաստակամությունը՝ շարունակելու ընդլայնել ու խորացնել Հայաստանի ու Ֆրանսիայի միջև համագործակցությունը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ մակարդակներում»,-ասել է վարչապետը։

Բժիշկների նոր խումբ, 50-80 միլիոն եվրո վարկ. Մակրոնը նամակ է գրել Փաշինյանին

Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Ֆրանսիայի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի ձևաչափով կառուցողական ու հավասարակշռված միջնորդական ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման գործընթացում՝ որպես տարածաշրջանային  խաղաղության, կայունության և զարգացման առհավատչյա։

ՀՀ վարչապետն ուղերձի վերջում նշել է, որ սիրով առաջիկայում կհյուրընկալի Մակրոնին Հայաստանում պետական այցով։