ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. ՆԱՏՕ-ն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին կոչ է անում կանխել հակամարտության հետագա սրացումը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը։
«Մենք մտահոգությամբ հետևում ենք զարգացումներին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին, որոնց ընթացքում օգտագործվում են ծանր զինատեսակներ և զոհվում են մարդիկ: Մենք միանում ենք կողմերին ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կոչին՝ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել հետագա լարումը կանխելու համար»,-գրել է նա։
Նշենք, որ այսօր տեղի է ունեցել ՀԱՊԿ մշտական խորհրդի հեռավար նիստը, որի ժամանակ ելույթով հանդես է եկել ՀԱՊԿ-ում ՀՀ–ի մշտական և լիազոր ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովը: Նա մանրամասն անդրադարձել է հուլիսի 12-ին հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս–արևելյան ուղղությամբ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով իրադրության լարմանը, Ադրբեջանի կողմից քաղաքացիական ենթակառուցվածքների և բնակչության թիրախավորմանը:
ՀՀ մշտական ներկայացուցիչը նշել է, որ Ադրբեջանի զինված ուժերը հրետակոծում են Չինարի և Այգեպար հայկական գյուղերի քաղաքացիական ենթակառուցվածքները, ինչի հետևանքով վնասվել են քաղաքացիական օբյեկտները, իսկ վերջին ժամերի ընթացքում անօդաչու թռչող սարքերը հրետակոծել են Բերդ քաղաքի քաղաքացիական ենթակառուցվածքները։
Հիշեցնենք` հուլիսի 12–ից սկսած իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։
Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:
Զոհված ժամկետային զինծառայողներն առաջնագծում չեն եղել․ Արծրուն Հովհաննիսյան
Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը` կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և, կորուստներ տալով, հետ շպրտվել:
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը վերսկսել է Տավուշի դիրքերի ուղղությամբ հրետակոծությունը: ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը երեկ վաղ առավոտյան հայտնեց, որ երկու-երեք ժամվա դադարից հետո առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիրքերի ուղղությամբ։
Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 11 զոհ, իսկ հայկական կողմը` 4 զոհ և 5 վիրավոր։
Սմբատ Գաբրիելյանը 1․5 տարվա զինծառայող էր․ զոհվածի հայրն ու եղբայրը զինվորական են