ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին

Արմեն Սարգսյանի խոսքով՝ Հայաստանը մեծապես շահագրգռված է Ֆրանսիայի հետ փոխշահավետ գործակցությունն ընդլայնելու և խորացնելու հարցում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik.Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի առթիվ և հյուրընկալել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի առթիվ` մաղթելով Ձեր երկրին շարունակական առաջընթաց:Ուրախությամբ եմ փաստում, որ մեր ժողովուրդների բազմադարյա կապերի ու բարեկամության հենքի վրա կառուցված հայ-ֆրանսիական առանձնահատուկ հարաբերությունները շարունակում են զարգանալ բարեկամության և փոխըմբռնման ոգով»,-նշված է ուղերձում:

Նախագահի խոսքով՝ երկու երկրների միջև հաջողվել է հաստատել արդյունավետ համագործակցություն:

Հայաստանը մեծապես շահագրգռված է ընդլայնելու և խորացնելու Ֆրանսիայի հետ փոխշահավետ գործակցությունը նոր նախաձեռնություններով և ծրագրերով՝ ի շահ երկու երկրների ու ժողովուրդների:

Բժիշկների նոր խումբ, 50-80 միլիոն եվրո վարկ. Մակրոնը նամակ է գրել Փաշինյանին

«Հայաստանը բարձր է գնահատում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը, ինչպես նաև Հարավային Կովկասում տևական խաղաղության հաստատմանն ուղղված՝ Ֆրանսիայի հետևողական ջանքերը: Առանձնահատուկ գնահատականի են արժանի մարդկային կյանքերի փրկությանը և համավարակի հետևանքները մեղմելուն ուղղված՝ Ֆրանսիայի ջանքերը: Հատկապես այսօր՝ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված այս բարդ ժամանակաշրջանում, առավել պարզորոշ է զգացվում մեր բարեկամ երկրի հետ սերտ փոխգործակցության կարևորությունը»,-շեշտել է Սարգսյանը։

ՀՀ նախագահն իր խորին երախտագիտությունն է հայտնել Ֆրանսիայի կառավարությանն ու բարեկամ ժողովրդին՝ Եվրամիության ֆինանսական օժանդակության մեջ ունեցած ներդրման, ինչպես նաև հայ գործընկերներին օգնելու նպատակով ֆրանսիական բժշկական առաքելության խմբեր Հայաստան ուղարկելու համար:

Նշենք նաև, որ Ֆրանսիայի ազգային տոնի առթիվ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին:

Սարգսյանը պետական տոնի առթիվ շնորհավորել ու հաջողություններ է մաղթել դեսպանին և Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին:

Գոհունակությամբ ընդգծելով տարբեր ոլորտներում դինամիկ զարգացող հայ-ֆրանսիական համագործակցությունը՝ զրուցակիցները համոզմունք են հայտնել, որ համատեղ ջանքերի շնորհիվ երկկողմ օրակարգը շարունակաբար կընդլայնվի՝ ընդգրկելով փոխշահավետ և ապագային միտված նոր ծրագրեր: