Հայ–ադրբեջանական լարվածություն. ԱՄՆ–ն նույնպես արձագանքեց

Վաշինգտոնը կոչ է անում խստորեն պահպանել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. ԱՄՆ Պետդեպի մամուլի խոսնակ Մորգան Օրթագուսը հայտարարել է, որ իրենք խստագույնս դատապարտում են բռնությունը հայ-ադրբեջանական միջազգային սահմանին։

«Կողմերին հորդորում ենք անհապաղ դադարեցնել ուժի կիրառումը, օգտագործել ուղիղ հաղորդակցության առկա միջոցները՝ հետագա սրացումից խուսափելու համար»,- ասել է Օրթագուսը։

Պետդեպը հորդորել է խստորեն պահպանել հրադադարը։

«Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր՝ ԱՄՆ-ն առաջվա պես հավատարիմ է Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու հարցում կողմերին օժանդակելուն։ Մենք շարունակելու ենք ակտիվորեն մասնակցել այդ նպատակին հասնելու ջանքերին»,- նշել է Օրթագուսը:

Ի՞նչ է կատարվել գիշերը հայ–ադրբեջանական սահմանին. ՊՆ–ն խոստանում է տեսանյութ հրապարակել

ԱՄՆ-ն միանում է առարկայական բանակցությունները հնարավորինս շուտ վերսկսելու և հանգամանքների թույլ տալուն պես ԵԱՀԿ դիտորդներին տարածաշրջան վերադարձնելու կարևորության վերաբերյալ ՄԽ համանախագահների հայտարարությանը։

Հիշեցնենք, որ հուլիսի 12–ին, ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:

Տավուշ, դիրքեր․ ինչ էր կատարվում սահմանին

Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը` կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և, կորուստներ տալով, հետ շպրտվել: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը վերսկսել է Տավուշի դիրքերի ուղղությամբ հրետակոծությունը:

Ո՞ւմ էր պետք հիմա հայ-ադրբեջանական սահմանին թնդանոթների որոտը և ինչ սպասել

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը երեկ վաղ առավոտյան հայտնեց, որ երկու-երեք ժամվա դադարից հետո առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիքերի ուղղությամբ։ Պաշտոնական տեղեկություններով` ադրբեջանական կողմն ունի 4 զոհ, հայկական կողմը` 5 վիրավոր։

«Ծիծաղ առաջացնող ապատեղեկատվություն է». ՀՀ ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի տարածած լուրերը