ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik․ Երևանի «Արարատ-Արմենիան» բարձրագույն խմբի վերջին տուրում Ֆուրջել Նարսինգի և Յուսուֆ Օտուբանջոյի խփած գնդակների շնորհիվ 2:0 հաշվով առավելության հասավ «Նոայի» նկատմամբ և երկրորդ անգամ անընդմեջ նվաճեց Հայաստանի չեմպիոնի կոչումը:
Գավաթի եզրափակիչում թիմերի գերարդյունավետ խաղից հետո, դժվար էր նույնը սպասել այս խաղում: Կորոնավիրուսի պատճառով տևական ընդմիջումից հետո թիմերը շատ խիտ գրաֆիկով անցկացրին իրենց հանդիպումները, իսկ «Արարատ-Արմենիայի» և «Նոայի» համար ավելացավ գավաթի եզրափակիչը:
Բացի այդ, կարելի էր ենթադրել, որ բարձր տեմպով թիմերը հերթական խաղը դժվար թե կարողանան անցակցնել: Հաշվետու խաղում, ինչպես և գավաթի եզրափակիչում, հաշիվը բացեց «Արարատ-Արմենիան»՝ հանդիպման 16-րդ րոպեին աչքի ընկավ Ֆուրջել Նարսինգը: Խաղի 25-րդ րոպեին հիանալի հնարավորություն ուներ Յուսուֆ Օտուբանջոն: Բայց հաշիվը մնաց անփոփոխ: Իր վրիպումը Օտուբանջոն ուղղեց առաջին կեսի վերջին րոպեին՝ կրկնապատկելով «Արարատ-Արմենիայի» առավելությունը:
Երկրորդ խաղակեսում խաղի տեմպը չբարձրացավ: Հոգնածությունը երկու կողմերի ֆուտբոլիստների մոտ էլ առկա էր: Գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» շատ հանգիստ վերահսկում էր խաղը: Խաղավերջում թիմերը փոխանակվեցին գոլային պահերով, բայց դարպասի գրավում այդպես էլ չարձանագրվեց: Երկու գնդակի առավելությունն «Արարատ-Արմենիան» պահպանեց:
Վարդան Մինասյանը երկրորդ տարին անընդմեջ «Արարատ-Արմենիայի» չեմպիոն դարձրեց: Որպես մարզիչ Մինասյանը 4 անգամ չեմպիոն է հռչակվել «Փյունիկի» հետ: Չեմպիոնական տիտղոսներով սա լավագույն արդյունքն է հայ մարզիչների մեջ:
«Լոռի» ֆուտբոլային ակումբի անդամներից 17–ը վարակվել են կորոնավիրուսով
Ավարտվեց ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի 2019/20 մրցաշրջանը: Մրցանակային եռյակը վերջնական տեսք ստացավ զուգահեռաբար անցկացված «Շիրակ» - «Ալաշկերտ» խաղից հետո: «Շիրակը» հաղթանակի հասնելու դեպքում կարող էր շրջանցել «Նոային» ու աղյուսակում զբաղեցնել երկրորդ տեղը: Բայց 4:2 հաշվով հաղթանակ տարավ «Ալաշկերտն» ու նվաճեց առաջնության բրոնզե մեդալը: «Նոան» երկրորդն է:
Թե երբ կմեկնարկի 2020/21 թվականների մրցաշրջանը, հայտնի կդառնա մոտ ապագայում: ՀՖՖ-ն քննարկումներ է անցկացնում բարձրագույն խմբի ակումբների հետ նոր մրցաշրջանի մեկնարկի ժամանակացույցը հաստատելու համար: Ընդ որում, հաշվի առնելով առաջին խմբի դադարեցումն ու առաջատար «Լոկոմոտիվի» որակազրկումը, նոր մրցաշրջանում բարձրագույն խումբը, ամենայն հավանականությամբ, համալրելու է Չարենցավանի «Վանը»: