ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. Գյումրիում ձևավորվել է հատուկ հանձնաժողով, որը պարզում է հուլիսի 13-ին շուրջ 1 ժամ տևած հորդառատ անձրևի ու կարկուտի պատճառած վնասի չափը: Տեղեկությունը հուլիսի 14-ին հրավիրված ասուլիսում հայտնեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը։ Նրա դիտարկմամբ՝ ստեղծված իրավիճակի պատճառը ոչ միայն ջրահեռացումն է, այլև տեղումների աննախադեպ քանակը:
«Տեղումների քանակը հուլիսին, ըստ վիճակագրության, պետք է լիներ 46 մմ, մինչդեռ մեկ օրվա ընթացքում գրանցվել է 81 միլիմետր: Դա աննախադեպ էր,-ասաց նա:
Անդրադառնալով ջրահեռացման համակարգի խնդիրներին, Գյումրու քաղաքապետը նշեց, որ նոր հիմնանորոգված փողոցներում այն լավ է իրականացվում, բայց քաղաքի որոշ հատվածների հետ կապված խնդիր ունեն։
Քաղաքապետի խոսքով՝ ջրհեղեղի պատճառներից են նաև կարկուտն ու աննախադեպ ծավալի հասնող ջրի բերած աղբը, որը փակել էր ջրատարների ճանապարհը ՝ արգելք ստեղծելով ջրահեռացման համար:
«Ստեղծված իրավիճակը ինձ ստիպեց մտածել նաև այդ հատվածում այլընտրանքային ճանապարհ ունենալու մասին»,- նշեց Բալասանյանը։
ՃՏՊ Երևան-Գյումրի ճանապարհին․ տուժածներից մեկը 1 տարեկան տղա է
Քաղաքապետը վստահեցրեց, որ վնասները ճշտելուց հետ ավագանու քննարկմանը կներկայացնեն տուժած բնակիչներին, հատկապես տնակում բնակվող ընտանիքներին, աջակցելու հարցը:
«Եթե համայնքը հիմա չպետք է կանգնի բնակչի կողքին, էլ երբ է կանգնելու։ Եթե մեր ուժերից վեր լինի, կդիմենք կառավարությանը»,-ընդգծեց Բալասանյանը և ավելացրեց, որ խնդիրը հրատապ քննարկելու համար ավագանու արտահերթ նիստ կհրավիրեն։
Հիշեցնենք՝ հուլիսի 13-ին, ժամը 16:13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գյումրիում կարկուտ է տեղում (12 մմ), նկատվում է քամու ուժգնացում (8 մ/վ, պոռթկումների ժամանակ՝ մինչև 16 մ/վ)։ Շիրակի մարզային փրկարարական վարչության Ճգնաժամային կառավարման կենտրոնն օրվա երկրորդ կեսից սկսած 780 ահազանգ է ստացել շենք-շինությունների, նկուղների, հողամասերի, խանութների և այգիների ջրալցումների, կամուրջների տակ արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ։ Նախնական ամփոփված տվյալներով՝ փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 130 ավտոմեքենա, 30 քաղաքացի տեղափոխվել է անվտանգ վայր։ Շինությունների ջրահեռացման աշխատանքները շարունակվում են։