ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի - Sputnik. Կրեմլը խիստ մտահոգված է Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած հրաձգություններով և կոչ է անում կողմերին լինել զուսպ ու դադարեցնել կրակը։ Հայտարարությունն արել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք խիստ անհանգստացած ենք հայ-ադրբեջանական սահմանի հրաձգությունների պատճառով։ Կողմերին կոչ ենք անում զուսպ լինել ու պահպանել պարտականությունները հրադադարի ռեժիմի շրջանակում», - ասել է Պեսկովը, պատասխանելով հարցին՝ ինչպես են Կրեմլում գնահատում երկու երկրների սահմանին տեղի ունեցող իրավիճակը։
Նա նշել է, որ Ռուսաստանն արդեն տարբեր մակարդակներով հայտարարել է, որ լինելով Մինսկի խմբի համանախագահ, պատրաստ է միջնորդի ջանքեր գործադրել կարգավորման հարցում։
«Գիտեք, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ինտենսիվ հեռախոսազրույցներ է ունեցել Բաքվում ու Երևանում իր գործընկերների հետ։ Այդ պատճառով, մենք ևս մեկ անգամ կոչ ենք անում երկու կողմերին զուսպ լինել»,- ավելացրել է նա։
Հիշեցնենք, որ հուլիսի 12–ին, ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:
Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը` կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և, կորուստներ տալով, հետ շպրտվել: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը վերսկսել է Տավուշի դիրքերի ուղղությամբ հրետակոծությունը:
Հայկական բանակում երկու զոհ կա. ՊՆ
ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը երեկ վաղ առավոտյան հայտնեց, որ երկու-երեք ժամվա դադարից հետո առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիքերի ուղղությամբ։ Պաշտոնական տեղեկություններով` ադրբեջանական կողմն ունի 4 զոհ, հայկական կողմը` 5 վիրավոր։
Այսօր առավոտյան Ստեփանյանը հայտնեց, որ գիշերը ՀՀ ԶՈւ մարտական դիրքերից դիտարկվել է հակառակորդի տանկի շարժ: Այն հայկական կողմի կրակով կասեցվել է։