Հայ առաքելական եկեղեցին դատապարտում է Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու որոշումը

Ամենայն Հայոց Կաթողիկոսը կոչ է արել վերանայել որոշումն ու վերադառնալ Թուրքիայում տարբեր կրոնական համայնքների խաղաղ աղոթական համակեցության սկզբունքին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի - Sputnik. Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձել է Սուրբ Սոֆիայի տաճար-թանգարանը մզկիթի վերածելու Թուրքիայի իշխանությունների որոշմանը: Լուրը հայտնում են Մայր աթոռի տեղեկատվական համակարգից:

«Ես շատ տխուր եմ»․ Հռոմի պապը մեկնաբանել է Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու որոշումը

Գարեգին Երկրորդը նշել է, որ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում ցավով են արձանագրել օրեր առաջ, Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից Օրթոդոքս Եկեղեցիների և քրիստոնեական աշխարհի համար կարևոր նշանակություն ունեցող Սուրբ Սոֆիայի տաճարը թանգարանից մզկիթի վերածելու որոշումը։

«Հակառակ համաքրիստոնեական տարբեր կազմակերպությունների, եկեղեցապետերի ու քաղաքական առաջնորդների կոչերին՝ թուրքական կառավարությունն ընդունեց միակողմանի ու դատապարտելի որոշում՝ դրանով իսկ խախտելով Թուրքիայում ազգային կրոնական փոքրամասնությունների իրավունքները։ Ցավով ենք նշում, որ միլիոնավոր քրիստոնյաների կոչերն ու անհանգստություններն անտեսվեցին, հաշվի չառնվեց նույնիսկ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Սուրբ Սոֆիայի տաճարը համաշխարհային մշակութային գանձարանում ներառնված լինելու փաստը»,- գրված է հաղորդագրության մեջ։

Կաթողիկոսն արձանագրել է, որ Թուրքիայի կառավարության գործողությունը ծանր հուշեր է արթնացնում դարեր շարունակ Օսմանյան իշխանությունների կողմից հայ ժողովրդի, ինչպես նաև այլ քրիստոնյա ազգերի սրբատեղիների պղծման ու կործանման վերաբերյալ։ Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցին ու հայ ժողովուրդը, որպես Օսմանյան Թուրքիայում Ցեղասպանություն վերապրած ժողովուրդ, կիսում է օրթոդոքս եղբայրների և քույրերի ցավն ու անհանգստությունը։

Կրեմլը մեկնաբանել է Թուրքիայում գտնվող Սուրբ  Սոֆիայի տաճարի կարգավիճակի հարցը

«Հայոց Եկեղեցին դատապարտում է քաղաքական շահերից ելնող՝ կրոնների փոխըմբռնման ու երկխոսության գործընթացին մեծապես վնասող Թուրքիայի կառավարության որոշումը՝ միաժամանակ կոչ անելով վերանայել այն ու վերադառնալ Թուրքիայում տարբեր կրոնական համայնքների խաղաղ աղոթական համակեցության սկզբունքին։ Պատմության վայրիվերումների ու քաղաքական փոփոխությունների ընթացքում Սուրբ Սոֆիայի տաճարը պատմական և մշակութային արժեքից զատ ձեռք է բերել նաև տարբեր՝ կրոնական, մշակութային և քաղաքական նշանակություն՝ դառնալով ոչ թե քաղաքակրթությունների բախման, այլ համագործակցության և մարդկության միասնության խորհրդանիշ»,-ասված է Գարեգին Երկրորդի խոսքում:

Միաժամանակ, Վեհափառ հայրապետն իր և Հայաստանյաց առաքելական եկեղեցու անունից զորակցություն է հայտնել Կոստանդնուպոլսի Տիեզերական պատրիարք Նորին Սրբություն Բարդուղիմեոս պատրիարքին և Օրթոդոքս Եկեղեցու մեր քույրերին ու եղբայրներին:

Թուրքիայի իշխանությունները մտադիր են «փակել» Սուրբ Սոֆիայի տաճարի որմնանկարները

Հիշեցնենք՝ հուլիսի 10-ին Թուրքիայի Պետական խորհուրդը չեղարկել էր Սուրբ Սոֆիան թանգարան դարձնելու մասին 1934թ-ի որոշումը։ Նույն օրը երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստորագրել էր Սուրբ Սոֆիան մզկիթ դարձնելու ու հուլիսի 24-ից այնտեղ մուսուլմանական արարողություններ անցկացնելու որոշումը։

2019թ-ի մարտին Թուրքիայի ղեկավարը հայտարարել էր, որ տաճարի կարգավիճակի փոփոխությունը մուսուլմանների անունից պատասխան է Իսրայելում ԱՄՆ գործողություններին։ Այդպիսով Թուրքիան պատասխանում է ամերիկյան պետությանը, որն աջակցում է Իսրայելի ինքնիշխանությանը Հոլանի բարձունքներում։

Սուրբ Սոֆիայի տաճարը կառուցվել է Հուստինիանոս կայսեր հրամանով՝ մ․թ․ 6-րդ դարում։ Կոնստանդնուպոլիսը գրավելուց հետո թուրքերն այն մզկիթ էին դարձրել, բայց 1935թ-ին ժամանակակից թուրքական պետության հիմնադիր Քեմալ Աթաթուրքը սրբավայրին թանգարանի կարգավիճակ էր տվել։