ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. Ռոման Բերեզովսկին այլևս «Փյունիկի» գլխավոր մարզիչը չէ։ Ինչպես տեղեկացնում է ակումբի Facebook-ի էջը, «Փյունիկ» ՖԱ-ն երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագիրը թիմի գլխավոր մարզիչ Ռոման Բերեզովսկու հետ։
Տեղեկացվում է, որ «Փյունիկը» կշարունակի համագործակցել Ռոման Բերեզովսկու հետ։ Նա իր փորձն ու տաղանդը կներդնի դարպասապահների դպրոցի զարգացմանը «Փյունիկ» ակադեմիայում ։
«Փյունիկ» ՖԱ-ն շնորհակալություն է հայտնում Ռոման Բերեզովսկուն թիմի գլխավոր մարզչի պաշտոնում ցուցաբերած բարձր պրոֆեսիոնալիզմի համար և մաղթում հաջողություն հետագա կարիերայում։
Ռոման Բերեզովսկին իր կարիերան սկսել է Երևանի «Կոշկագործ» (հետագայում՝ «Շենգավիթ») ֆուտբոլային ակումբում, որի կազմում 1991 թ. մասնակցել է ԽՍՀՄ 2-րդ խմբի Բ մրցաշարին։
10 գոլ, հաղթելու մեծ ցանկություն. Հայաստանի գավաթի եզրափակիչը` լուսանկարներում
Իր նորամուտը ազգային հավաքական նա նշել է 1996 թ. օգոստոսի 31-ին՝ աշխարհի առաջնության ընտրական փուլի մեկնարկային՝ Պորտուգալիայի հավաքականի դեմ Երևանյան խաղին։ Հայաստանի ազգային հավաքականի կազմում մասնակցել է Եվրոպայի առաջնության չորս ( 2000, 2004, 2008, 2012) և աշխարհի առաջնության հինգ (1998, 2002, 2006, 2010, 2014) ընտրական փուլերին։
Անցկացրած խաղերի քանակով Հայաստանի հավաքականի դարպասապահների ռեկորդակիրն է (71 խաղ)։