«Ծիծաղ առաջացնող ապատեղեկատվություն է». ՀՀ ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի տարածած լուրերը

Sputnik Արմենիայի հետ զրույցում ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանն անդրադարձել է  Ադրբեջանի ՊՆ–ի տարածած լուրերին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տեղեկատվություն է տարածել, թե իբր ադրբեջանական ԶՈւ–ն ոչնչացրել է հայկական կրակակետեր, ռադիոլոկացիոն կայան, ռազմական տեխնիկա (տանկ, զրահամեքենա), ինչպես նաև 20-ից ավելի հայ զինծառայողներ են զոհվել: Sputnik Արմենիայի հետ զրույցում ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը հերքել է Ադրբեջանի ՊՆ–ի տարածած լուրերը։

ՀՅԴ-ն միջազգային կառույցներից պահանջում է հստակ գնահատել թուրք-ադրբեջանական ագրեսիան

«Տարածված տեղեկատվությունը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը և սա ադրբեջանական կողմի հերթական ապատեղեկատվությունն  է։ Սա ծիծաղ առաջացնող ապատեղեկատվություն է», - ասաց Ստեփանյանը։

Հիշեցնենք, որ երեկ` հուլիսի 12–ին, ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները УАЗ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով УАЗ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք:

Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ տալով` հետ շպրտվել:

Գյուղերի հանցավոր թիրախավորումը միջազգային հումանիտար իրավունքի խախտում է. Նաղդալյան

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը վերսկսել է Տավուշի դիրքերի ուղղությամբ հրետակոծությունը: ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանն այսօր վաղ առավոտյան հայտնեց, որ երկու-երեք ժամվա դադարից հետո առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիքերի ուղղությամբ։