ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik.Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների` վերջին մեկ օրում գրանցված ցածր թիվը պայմանավորված է ոչ թե համաճարակային իրավիճակի մեղմացմամբ, այլ ոչ աշխատանքային օրերին ՀՀ լաբորատորիաներում կատարված փոքր թվով թեստավորմամբ: Այսօր կառավարության արտահերթ նիստում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորսյանը:
Մինչդեռ ծանր ու առանձնապես ծանր դեպքերի վիճակագրութունը, նախարարի խոսքով, շարունակում է բարձր մնալ:
«Գումարային՝ մոտավորապես 650 հոգի, որոնցից 43-ը միացված են թոքերի արհեստական օդափոխության սարքերին: Ի տարբերություն վերակենդանացման բաժանմունքների, որոնք կրկին գրեթե ամբողջությամբ լիքն են, սովորական ու թթվածնով ապահովված մահճակալները հարաբերականորեն ավելի քիչ լարված են»,- ասաց Թորոսյանը:
Տանը հոսպիտալացման սպասող քաղաքացի այսօր ժամը 09:00-ի դրությամբ չկա: Մեկ քաղաքացի սպասում է այլ հիվանդանոցից կորոնավիրուսային հիվանդանոց տեղափոխվելու:
182 նոր դեպք` մեկ օրում. Հայաստանում կորոնավիրուսով վարակվել է 32 151 մարդ
Առողջապահության նախարարը հաստատեց, որ ներկա իրավիճակում արտակարգ դրության երկարացումն անհրաժեշտություն է, բայց չբացառեց, որ եթե կայունությունը պահպանվի ու վիճակը թեթևանա, ընթացքում կկայացվեն նաև այլ որոշումներ:
Հիշեցնենք` այսօր առավոտյան 11:00-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը պաշտոնական տվյալներով ավելացել է 182–ով և դարձել 32 151:
Վարորդները չեն վախենում կորոնավիրուսից․ նրանց ավելի շատ անհանգստացնում է գումարի պակասը