ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. Հայաստանի զինված ուժերը դեռևս պահպանում են զսպվածություն, բայց եթե ադրբեջանցիները շարունակեն իրենց գործողությունները հայկական դիրքերի ուղղությամբ, կպատասխանեն համարժեք` գրավելով նոր դիրքեր։ Facebook–ի իր էջում ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը գրել է, որ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նման զգուշացում է արել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշչիկի հետ զրույցում, որի հետ մշտական կապի մեջ է:
«Վերջին զրույցի ընթացքում պաշտպանության նախարարը տեղեկացրել է, որ հայկական բանակային զորամիավորման անձնակազմն ու հրամանատարությունը հրահանգավորված են դեռևս պահպանել զսպվածություն, իսկ հակառակորդի` ՀՀ սահմանների ուղղությամբ սադրանքների պարագայում` արձագանքել ըստ անհրաժեշտության` ընդհուպ մինչև նոր բարենպաստ դիրքերի զբաղեցում»,–գրել է ՀՀ ՊՆ ամուլի խոսնակը:
Նա նշել է նաև, որ հայկական զինված ուժերը ադրբեջանական բնակավայրերի ուղղությամբ կրակ չեն վարում։ Թիրախավորվում են միայն ադրբեջանական զինված ուժերի ինժեներական ենթակառուցվածքներն ու տեխնիկական միջոցները։
Հիշեցնենք`երեկ` հուլիսի 12–ին, ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները УАЗ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով УАЗ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք: Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ տալով` հետ շպրտվել:
Ադրբեջանցիները հրետակոծում են հայկական դիրքերը
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը վերսկսել է Տավուշի դիրքերի ուղղությամբ հրետակոծությունը:
Կրակոցները պարբերաբար և տարբեր ինտենսիվությամբ շարունակվում էին անգամ գիշերը։ Հակառակորդի բոլոր փորձերը թիրախավորվել և չեզոքացվել են, սակայն նրանք իրենց գործողությունները վերսկսել են նաև այսօր առավոտյան։
Ադրբեջանցիների գործողություններն արդեն դատապարտել է ՀՀ ԱԳՆ–ն, նշելով, որ սադրիչ գործողությունների հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը: