Ստեղծված իրավիճակում ներքաղաքական բոլոր հարցերը դառնում են երկրորդական. Ծառուկյանի կոչը

Գագիկ Ծառուկյանը կոչով դիմել է իր թիմակիցներին, որ հաշվի առնեն ստեղծված պատերազմական իրավիճակը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. Ստեղծված պատերազմական իրավիճակում ներքաղաքական բոլոր հարցերը դառնում են այլևս երկրորդական։ Նման հանձնարարական է տվել իր թիմին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, Facebook սոցցանցի իր էջում գրառմամբ հայտնում է ԲՀԿ առաջնորդի մամուլի խոսնակ, ԲՀԿ–ական պատգամավոր Իվետա Տոնոյանը։

Տավուշ, դիրքեր․ ինչ էր կատարվում սահմանին

«Բոլորիս գերխնդիրը մեկն է՝ լինել միասնական, լինել պետության կողքին և համատեղ ջանքերով դիմակայել թշնամու ոտնձգություններին և արժանի հակահարված հասցնել նրան»,–ասել է Ծառուկյանը։

ԲՀԿ ղեկավարի խոսքով` այսօր, երբ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը կրկին անցել է ակնհայտ սադրանքների, երբ հայ-ադրբեջանական պետական սահմանին իրավիճակը լարված է, երբ երկրի անվտանգության հարցը վեր է ամեն ինչից, յուրաքանչյուրիս պարտքն է միավորել բոլոր ջանքերը հանուն մեր երկրի ու ժողովրդի պաշտպանության, հանուն արտաքին թշնամու դեմ պայքարի:

Հիշեցնենք, որ երեկ` հուլիսի 12–ին, ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները УАЗ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով УАЗ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք:

Ղազախստանը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել  հրաժարվել ուժի կիրառումից

Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ տալով` հետ շպրտվել:

Մինսկի խումբը հայտարարություն է տարածել

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը վերսկսել է Տավուշի դիրքերի ուղղությամբ հրետակոծությունը: ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանն այսօր վաղ առավոտյան հայտնեց, որ երկու-երեք ժամվա դադարից հետո առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիքերի ուղղությամբ։