ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող դեպքերին

Պաշտոնական Մոսկվան կողմերին կոչ է արել զսպվածություն դրսևորել և խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի - Sputnik. Ռուսաստանի ԱԳՆ-ն հայ-ադրբեջանական սահմանին ծավալված գործողությունների առնչությամբ հայտարարություն է տարածել և մտահոգություն հայտնել իրավիճակի կտրուկ սրման կապակցությամբ։

«Տեղեկություններ կան, որ մարտական գործողությունները շարունակվում են, հրետանի է կիրառվում, զոհեր ու վիրավորներ կան։ Ցավակցում ենք զոհվածների հարազատներին ու մտերիմներին։ Անթույլատրելի ենք համարում տարածաշրջանի անվտանգությանը սպառնացող հետագա էսկալացիան։ Կողմերին կոչ ենք անում ցուցաբերել զսպվածություն և խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը», - նշված է հայտարարության մեջ:

Պաշտոնական Մոսկվան պատրաստ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել իրավիճակի կայունացման համար։

Հիշեցնենք, որ հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո ադրբեջանական զինծառայողները, թողնելով ՈւԱԶ ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք:

ԵՄ հատուկ ներկայացուցչին անհանգստացրել է Հայաստան-Ադրբեջան սահմանին իրավիճակի սրացումը

Ժամը 13:45-ին Ադրբեջանի ԶՈւ զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը` կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և, կորուստներ կրելով, հետ շպրտվել:

Երեկոյան ադրբեջանական կողմը վերսկսել է հրետակոծել նույն դիրքի ուղղությամբ 82 մմ ականանետից և տանկից: Կրակոցները պարբերաբար տարբեր ինտենսիվությամբ շարունակվել են ամբողջ գիշերվա ընթացքում։

Ովքե՞ր են ներգրավված հայ–ադրբեջանական սահմանին ծավալված գործողություններում

Հակառակորդի բոլոր փորձերը թիրախավորվել են հայկական զինված ուժերի ստորաբաժանումների կողմից և չեզոքացվել: Հուլիսի 13-ի առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիքերի ուղղությամբ։ ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները համարժեք պատասխան են տվել։ Հայկական կողմը կորուստներ չունի:

Արցախի ՊԲ–ն ներկայացրել է` ինչ վիճակ է հիմա Ադրբեջանի հետ շփման գծում