Գործ ունենք ներքին խնդիրները սահմանային իրավիճակի սրմամբ 2–րդ պլան մղելու հետ. Փաշինյան

ՀՀ վարչապետը նշեց, որ միջադեպը պատահականություն չէ, արդեն տևական ժամանակ է՝ Ադրբեջանի ղեկավարությունը փորձում է խաղարկել հակահայկական քարտը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի — Sputnik. Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության արտահերթ նիստում ասաց, որ Ադրբեջանն այդպես էլ չմիացավ համավարակի շրջանում գլոբալ զինադադար հայտարարելու՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչին: Նա անդրադարձավ հունիսի 12–ին Տավուշի ադրբեջանական ԶՈՒ–ի սկսած սադրիչ գործողություններին, որոնք առավոտյան վերսկսվել են։ 

Փաշինյանը հրապարակել է սահմանամերձ Մովսես գյուղ տանող ճանապարհին նկարահանված տեսանյութը

«Դրանց վերսկսմամբ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը կրելու է տարածաշրջանային ապակայունացման անկանխատեսելի հետևանքների ողջ պատասխանատվությունը: Խիստ մտահոգիչ է տարածաշրջանային անկայություն հրահրելու՝ Թուրքիայի գործելակերպը, որը լավագույնս արտացոլված է այդ երկրի ԱԳՆ-ի պաշտոնական հայտարարության մեջ, որտեղ վերջինս անվերապահ աջակցություն է հայտնում ադրբեջանական ԶՈՒ–ի սադրիչ գործողություններին՝ ակնհայտ և արդեն ավանդական դարձած հակահայկական տրամաբանությամբ»,- ասաց Փաշինյանը:

ՀՀ ԱԳՆ–ն Տավուշում հրադադարի խախտումների հետ կապված հայտարարություն է արել

Նա նաև նշեց, որ միջադեպը պատահականություն չէ, արդեն տևական ժամանակ է՝ Ադրբեջանի ղեկավարությունը փորձում է խաղարկել հակահայկական քարտը իրենց հայտնի դրդապատճառներից ելներով:

«Հնարավոր է` գործ ունենք ներքին խնդիրները սահմանային իրավիճակի սրմամբ երկրորդ պլան մղելու՝ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության ավանդական գործելաոճի հետ, որի ընթացքում աչքի է զարնում ակնհայտ քամահրական վերաբերմունքը մարդկային կյանքերի, ադրբեջանցի զինվորների կյանքերի նկատմամբ, որն արտահայտվում է` նրանց ուղարկելով անհեռանկար գործողությւնների»,- ասաց նա:

Փաշինյանի դիտարկմամբ՝ որքան սրվում է համավարակը և սոցիալ-տնտեսական վիճակն Ադրբեջանում, այնքան սրվում է այդ երկրի ռազմաքաղաքական ղեկավարության հակահայկական ու ռազմատենչ հռետորաբանությունը:

Տավուշի սահմանին 2 վիրավոր ունենք. ադրբեջանցիները հայտարարել են 4 զոհի մասին

Դիմելով ՀՀ քաղաքացիներին՝ Փաշինյանը հայտարարեց, որ ոչ մի սադրիչ գործողություն անպատասխան չի մնում: Նա կոչ արեց սահմանին կանգնած զինվորներին ու հրամանատարներին աջակցել ամուր թիկունք ապահովելով ու բացառապես պաշտոնական լուրերին վստահելով:

Հիշեցնենք` երեկ` հուլիսի 12–ին, ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները УАЗ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով УАЗ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք:

Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ տալով` հետ շպրտվել:

Տոնոյանը զգուշացրել է` ինչ կլինի, եթե հակառակորդը չդադարեցնի կրակը

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը վերսկսել է Տավուշի դիրքերի ուղղությամբ հրետակոծությունը:

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանն այսօր վաղ առավոտյան հայտնեց, որ երկու-երեք ժամվա դադարից հետո առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիրքերը։