Մնացականյանը զրուցել է ԵՄ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցչի հետ

ՀՀ արտգործնախարարը Ջոզեֆ Բորելի հետ զրույցում ընդգծել է, որ ՀՀ-ն հաստատակամորեն պաշտպանելով իր սահմանները և բնակչությանը՝ հանդես է գալիս լարվածության թուլացման դիրքերից:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը  հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ջոզեֆ Բորելի հետ:

Ո՞ւմ էր պետք հիմա հայ-ադրբեջանական սահմանին թնդանոթների որոտը և ինչ սպասել

«Մնացականյանը ներկայացրել է հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում իրադրության սրման և լարվածության պահպանման ուղղությամբ Ադրբեջանի կողմից ձեռնարկվող շարունակական քայլերը, այդ թվում՝ ՀՀ ռազմական և քաղաքացիական ենթակառուցվածքների և քաղաքացիական բնակչության թիրախավորումը»,–նշված է հաղորդագրության մեջ։ 

Նախարարն ընդգծել է, որ ՀՀ-ն հաստատակամորեն պաշտպանելով իր սահմանները և բնակչությանը՝ հանդես է գալիս լարվածության թուլացման դիրքերից: Միևնույն ժամանակ ՀՀ արտգործնախարարը դատապարտել է Թուրքիայի կողմից տարածաշրջանային անվտանգության խաթարման փորձերը:

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցերին։

Հիշեցնենք, որ երեկ` հուլիսի 12–ին, ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները УАЗ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով УАЗ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք:

«Ծիծաղ առաջացնող ապատեղեկատվություն է». ՀՀ ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի տարածած լուրերը

Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ տալով` հետ շպրտվել:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը վերսկսել է Տավուշի դիրքերի ուղղությամբ հրետակոծությունը: ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանն այսօր վաղ առավոտյան հայտնեց, որ երկու-երեք ժամվա դադարից հետո առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիքերի ուղղությամբ։

Զոհրաբ Մնացականյանը Վրաստանի գործընկերոջը ներկայացրել է սահմանին տիրող վիճակը

Թուրքիայի արտգործնախարարությունն արձագանքել էր հայ-ադրբեջանական սահմանային բախումներին և դատապարտել է հայկական կողմի գործողությունները՝ դրանք որակելով «ագրեսիվ ազգայնական մոտեցումների նոր դրսևորում»։ ՀՀ ԱԳՆ–ն պատասխանել էր Թուրքիային։