Մնացականյանը Լավրովի հետ է խոսել. քննարկել են հայ–ադրբեջանական սահմանի լարված իրավիճակը

ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն անընդունելի է համարել Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. Հուլիսի 13-ին ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն ու ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը զրուցել են հեռախոսով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Զրուցակիցները քննարկել են հայ-ադրբեջանական սահմանի մի հատվածում լարված իրավիճակը և այն հաղթահարելու ուղիները: Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցերի»,– նշված է հաղորդագրության մեջ:

Մնացականյանն անընդունելի է համարել Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումը, որն ուղեկցվել է Հայաստանի Հանրապետության տարածքում տեղակայված ՀՀ զինված ուժերի հենակետի հանդեպ ոտնձգության փորձով:

Ըստ ՌԻԱ Նովոստիի` Լավրովն այս թեման քննարկել է նաև Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ։

Ավելի վաղ Մնացականյանը զրուցել էր նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ: Նախարարը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին մանրամասն տեղեկատվություն էր տրամադրել հուլիսի 12-ից Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ Տավուշի մարզի ուղղությամբ հրետանու կիրառմամբ իրականացված հրադադարի խախտումների, հուլիսի 13-ի առավոտյան այդ գործողությունների վերսկսման, ինչպես նաև իրադրության հետագա սրման հետևանքների մասին:

ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող դեպքերին

Հիշեցնենք` երեկ` հուլիսի 12–ին, ժամը 12:30-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք:

Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ տալով` հետ շպրտվել:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը վերսկսել է Տավուշի դիրքերի ուղղությամբ հրետակոծությունը:

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանն այսօր վաղ առավոտյան հայտնեց, որ երկու-երեք ժամվա դադարից հետո հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիքերի ուղղությամբ։

Պաշտոնական տվյալներով` ադրբեջանական կողմը չորս զոհ ունի։ Հայկական կողմը, բարեբախտաբար, կորուստներ չի կրել։