ՌԱԴԻՈ

Հայերի կոտրած էջերն են կիրառում․ ինչպես են սուտ լուրերը տարածվում համացանցում

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է պետական սահմանի Տավուշի հատվածում ադրբեջանական սադրանքի ֆոնին վերջինիս կողմից սանձազերծված տեղեկատվական պատերազմին և կեղծ լուրերի տարածման խնդրին։
Sputnik
Հայերի կոտրած էջերն են կիրառում․ ինչպես են սուտ լուրերը տարածվում համացանցում

Սամվել Մարտիրոսյանի դիտարկմամբ՝ թեև ապատեղեկատվությունը տարածվում է պաշտոնական մակարդակով, սակայն այդ պատերազմում ադրբեջանական կողմը կիրառում  է նաև հիբրիդային մեթոդներ, որոնցից մեկը ՀՀ քաղաքացիների կամ սփյուռքահայերի նախապես կոտրված հաշիվների օգտագործումն է համացանցում, հիմնականում ֆեյսբուքում, որոնց շնորհիվ և որոնց անունից էլ փորձում են տարածել ապատեղեկատվություն՝ ներկայացնելով խուճապ առաջացնող մանիպուլյատիվ լուրեր:

Արարատ Միրզոյանը դիմել է ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների պալատների նախագահներին

«Հիմա այդ գրոհն ակտիվացել է, ու գրում են բավականին լավ հայերենով, հետևաբար շատ կարևոր է նման դեպքերում հիշել մեկ հանգամանք, որ բոլոր այն աղբյուրները, որոնք անծանոթ են, պետք է հաշվի առնվեն, անհրաժեշտ է հիմնվել միայն այն օգտատերերի տեղեկությունների վրա, որոնց մասին կա հստակ ինֆորմացիա»,- նշում է փորձագետը:

Սամվել Մարտիրոսյանի փոխանցմամբ՝ ռազմական գործողությունների ժամանակ հակառակորդի պաշտոնական տեղեկատվությունը չի կարող դիտարկվել որպես իրականությանը մոտ, քանի որ հակառակորդը միշտ պատրաստ է ապատեղեկատվություն տարածելուն: Իսկ ադրբեջանական մամուլի պարագայում փորձագետն արձանագրում է մեկ իրողություն, որ պատերազմական իրավիճակում կան սահմանափակումներ, և բոլոր լրագրողները չէ, որ կարող են գրել ռազմական գործողությունների մասին, հակառակ դեպքում նրանց կդատեն պետական դավաճանության հոդվածով և քրերորեն կհետապնդեն: 

Ադրբեջանը հայտնվել է բարդ իրավիճակում․ քաղաքագետը՝ լարվածության ստեղծման պատճառների մասին

«Պետք է հիշել, որ ալիևյան ռեժիմը տարիներ շարունակ ճնշել է փոքրիշատե անկախ լրատվամիջոցներին, և եթե գործ ունենք ադրբեջանական լրահոսի հետ, ապա այժմ այն ամբողջությամբ վերահսկվում է նույն աղբյուրների կողմից: Նման դեպքերում գործ ունենք ոչ թե փաստերի, այլ ռազմական քարոզչության հետ»,- նշում է փորձագետը: 

Ադրբեջանցիները գործի են անցել նաև վիրտուալ տարածքում. զգուշացնում է Սամվել Մարտիրոսյանը

Անդրադառնալով այն կոչերին, որոնց համաձայն՝ Տավուշում ծառայող զինվորների հարազատներին հորդորվում է չզանգահարել նրանց, Սամվել Մարտիրոսյանն ընդգծում է, որ բանակը կարող է կիրառել ապահով ալիքներ, «մեսինջերներ», որոնց գաղտնալսումը հնարավոր չէ, և այդ դեպքում զինծառայողները կարող են անվտանգ կապ հաստատել իրենց հարազատների հետ: Բայց փորձագետը հորդորում է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ բաց բջջային կապի միջոցով սահմանից չարժե խոսել, քանի որ հակառակորդը կարող է որսալ զրույցները: