ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը քիչ առաջ միջազգային կառույցներին է ուղարկել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի ուղղությամբ հուլիսի 12-ին և 13-ին ադրբեջանական զինված ուժերի գնդակոծությունների վերաբերյալ առաջին միջանկյալ զեկույցը՝ անգլերեն լեզվով: Այն կազմվել է գիշերվա ընթացքում։ Տեղեկությունը Facebook–ի իր էջում հայտնել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։
«Առանձին ընթացակարգով զեկույցն ուղարկվում է նաև ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին: Հատուկ նշում եմ, որ այսպիսի հնարավորություն ունեն բացառապես «A» միջազգային կարգավիճակ ունեցող Մարդու իրավունքների ազգային հաստատությունները»,–գրել է Թաթոյանը:
Նա նշել է, որ միջանկյալ զեկույցը կազմվել է՝ հիմքում ունենալով տեղեկությունների և փաստերի հավաքագրման սեփական աղբյուրները:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը շարունակում է իրականացնել մշտադիտարկման աշխատանքներ՝ անմիջական կապ պահպանելով Տավուշի մարզի Մովսես և մի շարք այլ գյուղերի բնակիչների, քաղաքացիական համայնքների վարչական մարմինների, ինչպես նաև ՀՀ պաշտպանության նախարարության հետ՝ պաշտոնական հաղորդակցությամբ:
Հիշեցնենք`երեկ` հուլիսի 12–ին, ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները УАЗ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով УАЗ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք:
Ադրբեջանական ԶՈՒ–ն կրակում է խաղաղ բնակավայրերի հարևանությամբ. ՄԻՊ–ն ահազանգում է
Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ տալով` հետ շպրտվել:
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը վերսկսել է Տավուշի դիրքերի ուղղությամբ հրետակոծությունը:
ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանն այսօր վաղ առավոտյան հայտնեց, որ երկու-երեք ժամվա դադարից հետո առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիրքերը:
Տավուշի սահմանին 2 վիրավոր ունենք. ադրբեջանցիները հայտարարել են 4 զոհի մասին