Հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակի վերաբերյալ ՀԱՊԿ արտահերթ նիստը հետաձգվել է․ ինչու

Նախատեսվում էր ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նախաձեռնությամբ ՀԱՊԿ արտահերթ նիստն անցկացնել հուլիսի 13-ին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի — Sputnik. Հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակի շուրջ ՀԱՊԿ արտահերթ նիստն անորոշ ժամանակով հետաձգվել է։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։

Արարատ Միրզոյանը դիմել է ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների պալատների նախագահներին

Նիստը հետաձգվել է կողմերի միջև լրացուցիչ խորհրդակցություններ անցկացնելու, նաև հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի քննարկման ձևաչափը որոշելու համար։ Առաջիկայում նոր տեղեկություն կտարածվի», - հայտնեց նա։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի  նախաձեռնությամբ ՀԱՊԿ արտահերթ նիստը նախատեսվում էր անցկացնել հուլիսի 13-ին։

Հիշեցնենք, որ երեկ` հուլիսի 12–ին, ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք:
Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը` կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և, կորուստներ տալով, հետ շպրտվել:

Ադրբեջանն արկեր է արձակել Չինարիի ուղղությամբ. մեկն ընկել է տան վրա, երկուսը՝ բակում

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը վերսկսել է Տավուշի դիրքերի ուղղությամբ հրետակոծությունը: ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանն այսօր վաղ առավոտյան հայտնեց, որ երկու-երեք ժամվա դադարից հետո առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիքերի ուղղությամբ։

ՀՀ ԱԳՆ–ն պատասխանել է Թուրքիային

Հայկական կողմն ունի 5 վիրավոր, ադրբեջանական կողմը` չորս զոհ։