Հայ-ադրբեջանական լարվածություն. Լավրովը Թուրքիայի՞ն է սաստել

Ռուսաստանի արտգործնախարարը զրուցել է և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հետ ու կոչով դիմել ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր անդամներին հորդորել է խուսափել այնպիսի հայտարարություններից ու գործողություններից, որոնք կարող են լարվածության լրացուցիչ աճ առաջացնել:

Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել` նշելով, որ հուլիսի 13–ին Լավրովը զրուցել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի ու Էլմար Մամեդյարովի հետ։ Քննարկվել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը։ Նա կողմերին կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը, զսպվածություն դրսևորել՝ հաշվի առնելով ստանձնած պարտավորությունները, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ներկայացուցիչների ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի առաջարկությունները:

«Ընդգծվել է, որ Ռուսաստանը կշարունակի իր միջնորդական առաքելությունը Բաքվի և Երևանի հետ շփումներում ինչպես ազգային, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: Ռուսական կողմը կարևորել է նաև, որ Մինսկի խմբի բոլոր անդամները պատասխանատու մոտեցում ցուցաբերեն ստեղծված իրավիճակի գնահատականներում և խուսափեն հայտարարություններից ու գործողություններից, որոնք կարող են լարվածության լրացուցիչ աճ առաջացնել»,– նշված է հաղորդագրության մեջ:

Մինսկի խմբի կազմում ներառված են Թուրքիան, Բելառուսը, Գերմանիան, Իտալիան, Ֆինլանդիան և Շվեդիան, ինչպես նաև Բաքուն ու Երևանը: Խմբի համանախագահներն են Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ն։

Հայկական ուժերն ադրբեջանական մի քանի անօդաչու են խոցել, այդ թվում՝ կամիկաձե

Հիշեցնենք` երեկ` հուլիսի 12–ին, ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք:

Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ տալով` հետ շպրտվել:

Հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակի վերաբերյալ ՀԱՊԿ արտահերթ նիստը հետաձգվել է

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը վերսկսել է Տավուշի դիրքերի ուղղությամբ հրետակոծությունը: ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանն այսօր վաղ առավոտյան հայտնեց, որ երկու-երեք ժամվա դադարից հետո առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիրքերի ուղղությամբ։

Թուրքիայի արտգործնախարարությունն արձագանքել էր հայ-ադրբեջանական սահմանային բախումներին և դատապարտել է հայկական կողմի գործողությունները՝ դրանք որակելով «ագրեսիվ ազգայնական մոտեցումների նոր դրսևորում»։ ՀՀ ԱԳՆ–ն պատասխանել է Թուրքիային։