ՀԱՊԿ–ը հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի հարցով հրատապ նիստ կանցկացնի

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մշտական խորհուրդը կքննարկի Տավուշի ուղղությամբ զարգացող իրադարձությունները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը ՀԱՊԿ Մշտական խորհրդի հրատապ նիստ է նախաձեռնել։ Տեղեկությունը հայտնում է ՀԱՊԿ մամուլի ծառայությունը։

«Ս.թ. հուլիսի 12–ին Տավուշի ուղղությամբ տեղի ունեցած մարտական բախումների հետևանքով հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի սրման կապակցությամբ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը ս. թ. հուլիսի 13-ին ՀԱՊԿ Մշտական խորհրդի հրատապ նիստ է նախաձեռնել»,– նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք`երեկ` հուլիսի 12–ին, ժամը 12:30-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք: Ժամը 13:45-ին ադրբեջանական կողմը կրկնել է հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը` կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել է հայկական կողմից և հետ շպրտվել`կորուստներ տալով:

Տավուշի սահմանին 2 վիրավոր ունենք. ադրբեջանցիները հայտարարել են 4 զոհի մասին

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը վերսկսել է Տավուշի դիրքերի ուղղությամբ հրետակոծությունը:

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանն այսօր վաղ առավոտյան հայտնեց, որ երկու-երեք ժամվա դադարից հետո առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիքերի ուղղությամբ։

Դավիթ Տոնոյանը ներկայացրեց՝ ինչ է տեղի ունեցել հայ-ադրբեջանական սահմանին