ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն իր անհանգստությունն է արտահայտել հայ-ադրբեջանական սահմանին՝ Տավուշի ուղղությամբ տիրող իրավիճակի վերաբերյալ։ Այդ մասին դիվանագետը գրել է Twitter-ի իր էջում։
Տավուշի սահմանին 2 վիրավոր ունենք. ադրբեջանցիները հայտարարել են 4 զոհի մասին
«Խիստ անհանգստացած ենք հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող փոխհրաձգությամբ։ Երկու երկրների համար էլ ծայրահեղ կարևոր է զսպվածություն ցուցաբերել, օգտագործել կապի բոլոր հնարավոր միջոցները՝ ինչպես ուղիղ, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջոցով»,-նշել է Կլաարը։
Հիշեցնենք, որ հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո ադրբեջանական զինծառայողները, թողնելով ՈւԱԶ ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք:
Ժամը 13:45-ին Ադրբեջանի ԶՈւ զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը` կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և, կորուստներ կրելով, հետ շպրտվել:
Երեկոյան ադրբեջանական կողմը վերսկսել է հրետակոծել նույն դիրքի ուղղությամբ 82 մմ ականանետից և տանկից: Կրակոցները պարբերաբար տարբեր ինտենսիվությամբ շարունակվել են ամբողջ գիշերվա ընթացքում։
Մնացականյանը սահմանային իրավիճակի հետ կապված զանգել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին
Հակառակորդի բոլոր փորձերը թիրախավորվել են հայկական զինված ուժերի ստորաբաժանումների կողմից և չեզոքացվել: Հուլիսի 13-ի առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիքերի ուղղությամբ։ ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները համարժեք պատասխան են տվել։ Հայկական կողմը կորուստներ չունի:
Հայաստանը գնդակոծությունների մասին միջանկյալ զեկույց է ուղարկել միջազգային կառույցներին