Դավիթ Տոնոյանը ներկայացրեց՝ ինչ է տեղի ունեցել հայ-ադրբեջանական սահմանին

Հայ–ադրբեջանական սահմանին մինչև հիմա էլ 15-20 րոպեն մեկ հրետակոծությունը կրկնվում է։ Տարբեր տրամաչափի հրետանի է օգտագործվում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. ՀՀ կառավարության այսօրվա արտահերթ նիստում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ներկայացրեց հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակն ու այն, թե ինչպես են սկսվել ադրբեջանական կողմի սադրիչ գործողությունները:

Գործ ունենք ներքին խնդիրները սահմանային իրավիճակի սրմամբ 2–րդ պլան մղելու հետ. Փաշինյան

«Երեկ` 12:30-ին, մեր դիրքերից մեկին է մոտենում «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենա, ավտոմեքենայից դուրս են գալիս ադրբեջանցի զինծառայողներ ու շարժվում դեպի մեր դիրքը: Շատ կարևոր է, որ բոլորը հասկանան՝ դիրքը գտնվում է անմիջապես ՀՀ տարածքում, ՀՀ սահմանի վրա: Քանի որ գործողությունն անհասկանալի էր մեր զինծառայողների համար, զինվորները զեկուցում են վերադասին ու ստանում հրահանգ՝ կոչ անելու լքել տարածքը՝ հաշվի առնելով ադրբեջանցի զինծառայողների մոլորվելու կամ աշխարհագրությանն ու օպերատիվ իրավիճակին չտիրապետելու հնարավորությունը: Թողնելով ավտոմեքենան` ադրբեջանցի զինծառայողները վերադառնում են իրենց դիրքերը: Դրանից հետո սկսվում է 82 մմ-անոց ականանետներով հրետակոծություն՝ նույն դիրքի ուղղությամբ, ինչպես նաև սկսվում է մարտական շարժ դեպի նույն դիրքը: Պատասխան գործողություներից հետո հակառակորդը, կրելով կորուստներ, նահանջում է»,- ասաց Տոնոյանը:

Նախարարը նաև զեկուցեց, որ նույն սցենարով մինչ այժմ տարբեր տրամաչափի հրետանու օգտագործմամբ, 15-20 րոպեն մեկ հրետակոծությունը կրկնվում է: Ամենաերկար դադարը եղել է գիշերը` 03:30–ից 05:30-ը:

Ադրբեջանական ԶՈՒ–ն կրակում է խաղաղ բնակավայրերի հարևանությամբ. ՄԻՊ–ն ահազանգում է

«Բոլոր հրետակոծությունները թիրախավորվում են, դիպուկահար կրակով լռեցվում, ինչի արդյունքում հակառակորդն ունի բավական զգալի կորուստներ»,- ասաց Տոնոյանը

Նա վստահեցրեց հայկական կողմն ամբողջությամբ վերահսկում ու կառավարում է իրավիճակը:

Տավուշի սահմանին 2 վիրավոր ունենք. ադրբեջանցիները հայտարարել են 4 զոհի մասին