Կառավարությունը քննարկել է պարետային ժամ սահմանելու հարցը

Չնայած դրական սպասումներին, ՀՀ կառավարությունը մշակել է նաև շփումների ու տեղաշարժի շեշտակի սահմանափակումների սցենարներ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի - Sputnik. Հակահամաճարակային ներկա կանոնների պահպանման ու եղանակային բարենպաստ պայմանների դեպքում սեպտեմբերի կզբին վարակի հաստատված դեպքերի թիվը Հայաստանում, մասնագետների հաշվարկով, կարող է կազմել օրական 140 մարդ: Նման կանխատեսում արեց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը, ներկայացնելով արտակարգ դրության ժամկետի երկարացման մասին կառավարության որոշումը:

Ինչ է փոխվելու արտակարգ դրության 4-րդ ռեժիմի ընթացքում. գործադիրը նոր գործիքներ է փնտրում

«Կանխատեսումները շատ նախնական են ու բոլորովին չեն նշանակում, թե կպահպանվեն, որովհետև բազմաթիվ միտումներով են պայմանավորված»,- ասաց Ավինյանը:

Նրա խոսքով` չնայած դրական սպասումներին, կառավարությունը մշակել է նաև այլընտրանքային սցենարներ, որոնց հիմքում դրված են շփումների ու տեղաշարժի շեշտակի սահմանափակումներ:

Այս սցենարները, փոխվարչապետի խոսքով, հնարավոր է` կիրառվեն, եթե իրավիճակը ինչ-ինչ պատճառներով կտրուկ վատանա:

Նոր հաստատված դեպքերի թիվը փոքր է, ծանր դեպքերինը՝ մեծ. Թորոսյան

Միաժամանակ Ավինյանը չթաքցրեց, որ այս ընթացքում կառավարությունը ևս մի քանի անգամ քննարկել է տեղաշարժի սահմանափակումներ կիրառելու, այդ թվում՝ պարետային ժամ մտցնելու հարցը:

«Այնուամենայնիվ, ցանկանում եմ նշել, որ ցանկացած պահի, երբ տեսնենք, որ առողջապահական համակարգն այլևս ի վիճակի չէ պատշաճ բուժսպասարկում իրականացնել, վերսկսելու ենք նմանատիպ քննարկումները, ու հնարավոր սահմանափակումները կիրառելու ենք բացառապես 100%-անոց վերահսկելիության ու կարգապահության ապահովման նախապայմանով»,- ասաց Ավինյանը:

Այդուհանդերձ, պարետատունը դիտարկում է նաև որոշ ոլորտներում առկա սահմանափակումներն աստիճանաբար թուլացնելու հարցը: Փոխվարչապետը հայտնեց, որ առաջիկայում կներկայացվեն կրթության, մշակույթի, զբոսաշրջության և այլ ոլորտների աստիճանական վերաբացման ծրագրերը:

Բայց դրանք այս պահին կախված են համաճարակային իրավիճակից:

Հիշեցնենք՝ կառավարությունն այսօր որոշեց Հայաստանում արտակարգ դրության ռեժիմը երկարացնել ևս մեկ ամսով, որը կձգվի մինչև 2020թ-ի օգոստոսի 12-ը, ժամը 17։00-ն:

Այսօրվա դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվել է 32 151 մարդ։ Մահվան դեպքերի թիվը 573 է։ Գրանցվել է ևս 183 մահվան դեպք, երբ պացիենտների մոտ առկա է եղել կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ պատճառներով։

182 նոր դեպք` մեկ օրում. Հայաստանում կորոնավիրուսով վարակվել է 32 151 մարդ