Արցախի ՊԲ–ն ներկայացրել է` ինչ վիճակ է հիմա Ադրբեջանի հետ շփման գծում

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շարունակում են աչալրջորեն կատարել իրենց առջև դրված մարտական խնդիրը և մշտապես պատրաստակամ են արժանի հակահարված տալու հակառակորդի ցանկացած սադրանքի:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրադրությունը հիմնականում հանգիստ է: Տեղեկությունը հայտնում է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունը։

«Չնայած հուլիսի 12-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանի Տավուշի ուղղությամբ տեղ գտած սրացումներին, Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ինչպես երեկ օրվա ընթացքում, այնպես էլ այսօր՝ գիշերը, օպերատիվ իրադրությունը հիմնականում հանգիստ է եղել»,–նշված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շարունակում են աչալրջորեն կատարել իրենց առջև դրված մարտական խնդիրը և մշտապես պատրաստակամ են անհրաժեշտության դեպքում արժանի հակահարված տալու հակառակորդի ցանկացած սադրանքի:

Դավիթ Տոնոյանը ներկայացրեց՝ ինչ է տեղի ունեցել հայ-ադրբեջանական սահմանին

Հիշեցնենք`երեկ` հուլիսի 12–ին, ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները УАЗ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով УАЗ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք:

Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ տալով` հետ շպրտվել:

Տոնոյանը զգուշացրել է` ինչ կլինի, եթե հակառակորդը չդադարեցնի կրակը

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը վերսկսել է Տավուշի դիրքերի ուղղությամբ հրետակոծությունը:

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանն այսօր վաղ առավոտյան հայտնեց, որ երկու-երեք ժամվա դադարից հետո առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիրքերի ուղղությամբ։

Տավուշի սահմանին 2 վիրավոր ունենք. ադրբեջանցիները հայտարարել են 4 զոհի մասին