Միշտ կա այլընտրանք. Աննա Հակոբյանը կոչով դիմել է ադրբեջանցի կանանց և մայրերին

ՀՀ վարչապետի տիկինն անդրադարձել է ադրբեջանական կողմի գործողություններին` խաղաղության կոչ անելով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը` Աննա Հակոբյանը, ռազմական գործողությունները դադարեցնելու և դեպի խաղաղություն շարժվելու կոչ է արել։

«Երեկվանից լարվել է իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին, հայկական և ադրբեջանական զինված ուժերի միջև սկսվել են մարտեր: Ադրբեջանական կողմը, ըստ պաշտոնական տեղեկատվության, մի քանի ժամվա ընթացքում տվել է 4 զոհ: Որպես «Կանայք հանուն խաղաղության» արշավի հեղինակ, հորդորում եմ ադրբեջանցի կանանց և մայրերին կոչ անել իրենց երկրի ռազմաքաղաքական ղեկավարությանը դադարեցնել ռազմական գործողությունները, վտանգի չենթարկել ադրբեջանցի և հայ ժողովուրդների զավակների կյանքը»,–Facebook սոցցանցի իր էջում գրել է Հակոբյանը։

Նրա խոսքով` կանայք, մայրերը և քույերերը պետք է հարցնեն իրենց ռազմաքաղաքական ղեկավարությանը` ինչ ձեռք բերեցին իրենց սիրելիների կորստի, իրենց անձնական ողբերգության գնով, և ինչն է խանգարում խնդիրները քննարկել խաղաղության պայմաններում, հակառակ կողմի ղեկավարության հետ բանակցությունների ճանապարհով:

Տավուշի սահմանին 2 վիրավոր ունենք. ադրբեջանցիները հայտարարել են 4 զոհի մասին

Հակոբյանը գրել է, որ հատկապես աշխարհը ծնկի բերած այս համավարակի օրերին պետությունների ղեկավարները պետք է իրենց ջանքերն ուղղեն սեփական ժողովուրդների առողջության պահպանմանը:

Նա կարծում է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի` Համաշխարհային զինադադար հայտարարելու կոչին հետևելը լավագույնն է, որ կարող են անել երկրների ղեկավարներն իրենց երկրների և ժողովուրդների համար: Հակոբյանն ասում է, որ պատերազմից պետք է միշտ խուսափել. միշտ կա այլընտրանք:

ՀԱՊԿ–ը հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի հարցով հրատապ նիստ կանցկացնի

Հիշեցնենք`երեկ` հուլիսի 12–ին, ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները УАЗ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են կատարել:

Ադրբեջանցիները հրետակոծում են հայկական դիրքերը

Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով УАЗ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք: Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ տալով` հետ շպրտվել:
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը վերսկսել է Տավուշի դիրքերի ուղղությամբ հրետակոծությունը:

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանն այսօր վաղ առավոտյան հայտնեց, որ երկու-երեք ժամվա դադարից հետո առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիրքերի ուղղությամբ։

Համացանցում են հայտնվել ադրբեջանական խոցված УАЗ-ի լուսանկարները