Նարեկ Մինասյանի դիտարկմամբ՝ դա ուղղակիորեն Ադրբեջանում ընթացող ներքաղաքական զարգացումների հետևանքն է, քանզի վերջին ամիսներին ականատես եղանք, որ Ադրբեջանը բախվել է սոցիալ-տնտեսական լուրջ խնդիրների, ինչը մի կողմից պայմանավորված է նավթի համաշխարհային գների պատմական անկմամբ, մյուս կողմից կորոնավիրուսի ծնած խնդիրներով:
«Այսօր Ադրբեջանը կանգնած է սոցիալական ներքին լարվածության մեծ ռիսկերի առաջ, և իշխանությունները, նախազգուշանալով իրենց համար հնարավոր վտանգներից, որոշել են ակտիվացնել թշնամու կերպարը և այդ կերպ ապահովել հանրության կոնսոլիդացիան իրենց շուրջ: Պատահական չէ, որ վերջին մեկ ամսվա ընթացքում նկատելի էր Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության ռազմատենչ հռետորաբանության էական ակտիվացում»,- նշում է քաղաքագետը:
Նարեկ Մինասյանի կարծիքով՝ ընդհուպ մինչև ուժի կիրառման մասին հայտարարությունները բավարար չեն եղել ադրբեջանական կողմի համար, ուստի վերջինս որոշել է նախաձեռնել հերթական սադրանքը ՀՀ սահմանի ուղղությամբ՝ ինչ-որ նպատակներ իրականացնելու ակնկալիքով։ Սակայն, քաղաքագետի խոսքով, Ադրբեջանը չէր սպասում, որ հայկական կողմից կարող է լինել նման կոշտ արձագանք, ինչի արդյունքում սադրանքը ոչ միայն տապալվեց, այլև ունեցավ հակառակ էֆեկտ, և Ադրբեջանը ներկայումս ունի փաստացի զոհեր ու մեծ թվով վիրավորներ, ինչպես նաև տեխնիկայի կորուստ, իսկ որոշ աղբյուրների համաձայն՝ դիրքերի կորուստ:
«Ադրբեջանի հետագա պահվածքը կախված է երկու գործոնից: Մեկը հենց տեղում ռազմական իրավիճակն է, մյուսը՝ միջազգային ճնշումը: Նախաձեռնելով սադրանք՝ Ադրբեջանը հայտնվել է շատ բարդ իրավիճակում և այժմ ունի դեմքը պահելու խնդիր, հետևաբար պետք է փորձի նաև քարոզչության միջոցով իրավիճակից դուրս գալ իբրև թե հաղթած կողմ: Նման պայմաններում միջազգային հանրությունը պետք է ձգտի ուժեղացնել ճնշումն Ադրբեջանի վրա՝ նրան սթափեցնելու և զսպելու նկատառությամբ»,- նշում է քաղաքագետը:
Մնացականյանը սահմանային իրավիճակի հետ կապված զանգել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին
Նարեկ Մինասյանի փոխանցմամբ՝ կարևոր նախաձեռնություն է այն, որ վերջին զարգացումների վերաբերյալ ՀԱՊԿ-ն որոշել է մշտական խորհրդի արտահերթ նիստ անցկացնել, ուստի լավ կլինի, որ նիստից հետո ընդունվի հասցեական հայտարարություն Ադրբեջանի սադրանքի վերաբերյալ:
Քաղաքագետը նշում է, որ բավական կարևոր է նաև, որ հայկական լսարանը կուլ չտա ադրբեջանական քարոզչամեքենայի ու տեղեկատվական դաշտի խայծը, ստեղծված իրավիճակում ունենա իմունիտետ և հետևի միմիայն հայկական պաշտոնական լրահոսին և հնարավորության դեպքում նաև տարածի մեր պաշտոնական տեղեկատվությունը:
Հիշեցնենք` երեկ` հուլիսի 12–ին, ժամը 12:30-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք:
Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ տալով` հետ շպրտվել:
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը վերսկսել է Տավուշի դիրքերի ուղղությամբ հրետակոծությունը:
ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանն այսօր վաղ առավոտյան հայտնեց, որ երկու-երեք ժամվա դադարից հետո հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիքերի ուղղությամբ։
Պաշտոնական տվյալներով` ադրբեջանական կողմը չորս զոհ ունի։ Հայկական կողմը, բարեբախտաբար, կորուստներ չի կրել։