Համավարակի օրերին Հայաստան է վերադարձել ավելի քան 40 000 ՀՀ քաղաքացի. Ավինյան

ՀՀ փոխվարչապետը նշել է, որ տեղափոխվածների աշխարհագրությունը շատ լայն է՝ ԱՄՆ-ից մինչև Թուրքիա, Հնդկաստանից մինչև Ռուսաստան
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի - Sputnik. Կորոնավիրուսի համաշխարհային համավարակի պայմաններում Հայաստան է վերադարձել ավելի քան 40 000 ՀՀ քաղաքացի: Այս մասին այսօր ՀՀ ԱԺ-ում արտակարգ դրության ժամկետի երկարացման մասին կառավարության որոշումը ներկայացնելիս հայտնեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Ինչ է փոխվելու արտակարգ դրության 4-րդ ռեժիմի ընթացքում. գործադիրը նոր գործիքներ է փնտրում

Նրա խոսքով՝ 8000 ՀՀ քաղաքացիներ այդ օրերին տարբեր պատճառներով չէին կարողանում վերադառնալ Հայաստան, վերադարձել են ՀՀ իշխանությունների և այլ երկրների կառավարությունների աջակցությամբ, նրանցից  2200-ը՝ անվճար կամ բարերարների հատկացրած ֆինանսական միջոցներով:

Աննախադեպ. իրականացվել է Լոս Անջելես-Երևան առաջին հատուկ չվերթը

«Ընդ որում՝ տեղափոխվածների աշխարհագրությունը շատ լայն է՝ ԱՄՆ-ից մինչև Թուրքիա, Հնդկաստանից մինչև Ռուսաստան»,- ասաց Ավինյանը:

Փոխվարչապետը նշեց նաև, որ 4 հատուկ չվերթներով Չինաստանից Հայաստան են տեղափոխվել կորոնավիրուսի դեմ պայքարի բժշկական պարագաների և սարքավորումների խմբաքանակներ, այդ թվում՝ թեստեր ու արհեստական շնչառական սարքեր:

Հիշեցնենք՝ կառավարությունն այսօր որոշեց Հայաստանում արտակարգ դրության ռեժիմը երկարացնել ևս մեկ ամսով, որը կձգվի մինչև 2020թ-ի օգոստոսի 12-ը, ժամը 17։00-ն: