ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի - Sputnik. ՀՀ Պն մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնում է, որ ադրբեջանական զինված ուժերի կողմից կրակոցները պարբերաբար տարբեր ինտենսիվությամբ շարունակվում են։ Ստեփանյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում գրառում է արել` հայտնելով, որ հակառակորդի բոլոր փորձերը թիրախավորվում և չեզոքացվում են։
«Հայկական զինված ուժերը կորուստներ և վիրավորներ չունեն»,– գրել է նա։
Մեկ այլ գրառմամբ էլ Ստեփանյանը տեղեկացրել է, որ հայկական զինված ուժերն ադրբեջանական բնակավայրերի ուղղությամբ կրակ չեն վարում։ Նրա խոսքով` թիրախավորվում են միայն ադրբեջանական զինված ուժերի ինժեներական ենթակառուցվածքներն ու տեխնիկական միջոցները։
Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, УАЗ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են կատարել: Հայկական կողմի
նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով УАЗ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք: Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով հետ շպրտվել:
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը վերսկսել է Տավուշի դիրքերի ուղղությամբ հրետակոծությունը: