ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի - Sputnik. «Հնագիտությունը՝ համավարակի պայմաններում». այսպես է իրենց աշխատանքն Արցախում վերնագրել Տիգրանակերտ հնավայրի և շրջակայքի պեղման և ուսումնասիրման աշխատանքների արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը: Facebook-ի իր էջում պրեոֆեսորն ուրախությամբ հայտնել է, որ Մարտակերտում վաղ քրիստոնեական դամբարան է հայտնաբերվել։
Նա նշել է, որ Արցախ-Ուտիքյան տափաստանի՝ Տիգրանակերտին հարող տարածքները հարուստ են վաղ քրիստոնեական բնակատեղիներով և դամբարանադաշտերով: Նա հատկապես կարևորել է սարկոֆագային և սալարկղային թաղումներն ու արձանագրել Տիգրանակերտի արշավախմբի մի ջոկատի (Համլետ Պետրոսյան, Տատյանա Վարդանեսովա) նոր բացահայտումը։ Ջոկատը պեղել է Մարտակերտի Րաֆֆու փողոցում իրականացված շինարարության ժամանակ բացված սալարկղային դամբարանը:
Դրախտն աշխարհի վրա այսպիսի տեսք ուներ․ ինչի՞ մասին են պատմելու Գնիշիկի կիրճի գտածոները
«Կմախքը մշակելուց հետո այն կհանձնվի Մարտակերտի պատմաերկրագիտական թանգարան, այդտեղ կտեղափոխվեն նաև թաղման սալերը՝ համալրելու թանգարանային ցուցադրությունը»,- գրել է գիտնականն ու շնորհակալություն հայտնել տեղի պատասխանատուներին և իշխանություններին աջակցության համար:
Հայաստանում ամեն օր 25 դամբարան է ավերվում. ինչ արժեք ունի Դալմայի այգիներում գտնվածը
Հիշեցնենք՝ 2006թ-ից Արցախի Տիգրանակերտում սկսվել են պեղումները, որոնց արդյունքում կարևոր բացահայտումներ են արվել։ Գտնվել և ուսումնասիրվել են քաղաքի միջնաբերդը, պարիսպները, քաղաքի կենտրոնական մասը, վաղ միջնադարյան բազիլիկ եկեղեցին և այլն։ Պեղումների ամենակարևոր գտածոներից մեկը համարվում է 2008-ին հայտնաբերված հայերեն արձանագրությունը։