ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. Հուլիսի 31-ին նախանշված Դատավորների ընդհանուր ժողովի ընթացքում ամենայն հավանականությամբ կհայտարարվի նաև Սահմանադրական դատարանի անդամի թեկնածուի անունը:
Նիստի օրակարգի մասին նման տեղեկություններ ունի «Ժողովուրդ» օրաթերթը: Ըստ պարբերականի` թեկնածուն Վարչական դատարանի դատավոր Լիաննա Հակոբյանն է, որին համակարգում բնութագրում են որպես բանիմաց անձնավորության, և նա նաև Սահմանադրական դատարանում աշխատելու փորձ ունի:
Թերթը գրում է, որ դատավորների ընդհանուր ժողովի օրակարգում մի քանի այլ ընտրություններ էլ են տեղի ունենալու: Նախ` կառույցին այդպես էլ մինչև այժմ չի հաջողվել Բարձրագույն դատական խորհրդի անդամ ընտրել, և այդ օրը նախատեսվում է ընտրություն կատարել Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորներ Սուրեն Անտոնյանի, Արտակ Բարսեղյանի, Գոռ Հակոբյանի և Ստեփան Միքայելյանի միջև:
«Մեզ վրա դրսից տղա բերելու փորձերը չեն հաջողվելու». Ալեն Սիմոնյանը` ՄԻԵԴ–ի որոշման մասին
Դատավորների ընդհանուր ժողովի օրակարգն այս պահին դեռ հաստատված չէ, հարցերը քննարկման փուլում են, հետևաբար որևէ պաշտոնական տեղեկություն չի տրամադրվում:
Նշենք, որ ըստ ԲԴԽ-ի` հուլիսի 9-ին տարածած հաղորդագրության` դատավորների հերթական ժողովը կայանալու է 2020 թվականի հուլիսի 31-ին` ժամը 11:30-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
Այն պետք է կայանար դեռևս մարտի 13-ին, սակայն կորոնավիրուսի պատճառով հետաձգվել էր:
Հիշեցնենք` հունիսի վերջին ԱԺ-ն Սահմանադրական փոփոխություններ ընդունեց, որոնց համաձայն` Հրայր Թովմասյանը զրկվեց ՍԴ նախագահի պաշտոնից, բայց կշարունակի պաշտոնավարել դատավորի կարգավիճակում։ Բացի այդ, դադարեցվեցին երեք դատավորների` Ֆելիքս Թոխյանի, Ալվինա Գյուլումյանի և Հրանտ Նազարյանի (որոնց պաշտոնավարման ժամկետը գերազանցում էր 12 տարին) լիազորությունները։
Սահմանադրության համաձայն` նախագահը ՍԴ դատավորի թափուր պաշտոնում մեկ թեկնածու է առաջարկում, ևս մեկին առաջարկում է կառավարությունը, երրորդին` Դատավորների ընդհանուր ժողովը։ ՍԴ կազմն ամբողջությամբ պետք է ձևավորվի երկու ամսվա ընթացքում։
Սարգսյանն առաջարկում է ՍԴ անդամներից 3-ին նշանակելու իրավասությունը հանձնել նախագահին