Երկու հոգի փորձել են նետվել կամրջից. տղամարդուն փրկողներից մեկը հայտնի երգչուհու եղբայրն է

Հաղթանակի կամրջից կախված տղամարդու ոտքը սայթաքել է, և ընկնելու պահին նրան բառացիորեն բռնել են օդում։ Սոֆի Մխեյանի եղբոր կյանքում սա ինքնասպանություն կանխելու առաջին դեպքը չէ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. Այսօր՝ հուլիսի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է shamshyan.com կայքը, Հաղթանակի կամրջի աջ և ձախ հատվածներում 2 քաղաքացի, յուրաքանչյուրը` մի հատվածում, անցել են կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնացել են նետվել:

Ողբերգական դեպք Շիրակի մարզում. կայծակի հարվածից մարդ է մահացել

Ըստ կայքի` ինքնասպանության փորձ կատարող քաղաքացիներից մեկին կարողացել են փրկել, և դրանում մեծ է եղել երգչուհի Սոֆի Մխեյանի եղբոր՝ Գոռ Մխեյանի և «Ալֆա» ջոկատի ծառայողներից մեկի դերակատարությունը:

Կամրջից նետվելու փորձ անող տղամարդու ոտքը սայթաքել է, և ընկնելու պահին նրան բառացիորեն բռնել են օդում:

Շտապօգնության բրիգադն առաջին օգնություն ցույց տալուց հետո փրկվածին տեղափոխել է հիվանդանոց:

Այս պահին ոստիկանները, փրկարարներն ու բժիշկները փրկարար-հոգեբանի հետ բանակցություններ են վարում ինքնասպանության փորձ կատարող մյուս քաղաքացու հետ` նրան այդ ծայրահեղ քայլից հետ պահելու համար:

Ողբերգական դեպք Երևանում․ վրաերթի հետևանքով 3 տարեկան փոքրիկ է մահացել

Sputnik Արմենիան տեղի ունեցածի մասին մեկնաբանություն խնդրեց Սոֆի Մխեյանից։ Նա հաստատեց` տղամարդուն փրկողն իսկապես իր հարազատ եղբայրն է, որը նախկին քննիչ է: Նա արդեն երկրորդ անգամ է ինքնասպանության փորձ կանխում:

«Շատ հպարտ եմ, որ եղբայրս կրկին մարդկային կյանք է փրկել, ուզում եմ հավատալ, որ դա իսկապես փրկություն կլինի այդ մարդու համար։ Սա արդեն երկրորդ դեպքն է, որ եղբայրս անտարբեր չի կարողանում անցնել»,– ասաց նա:

Սոֆի Մխեյանը նշեց, որ առաջին դեպքը տեղի է ունեցել տարիներ առաջ, երբ մեկ այլ անծանոթ քաղաքացի դարձյալ փորձել է նետվել կամրջից։

Երևանում տղամարդը նետվել է Կիևյան կամրջից