ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի - Sputnik. Սուրբ Սոֆիայի տաճարին մզկիթի կարգավիճակ տալու որոշումը կբարդացնի Թուրքիայի քրիստոնյաների և Եվրոպայի մահմեդականների կյանքը: Facebook–ի իր էջում նման տեսակետ է հայտնել Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ, մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանը։
«Տխուր օր քրիստոնյաների և բոլոր նրանց համար, ովքեր հավատում են բազմակարծիք Թուրքիային: Սուրբ Սոֆիային մզկիթի կարգավիճակ վերադարձնելը կբարդացնի այստեղի քրիստոնյաների և Եվրոպայի մահմեդականների կյանքը: Սուրբ Սոֆիան մեր հարուստ պատմության խորհրդանիշն էր: Նրա գմբեթը մեծ էր ու կբավականացներ բոլորիս», – գրել է նա:
Հուլիսի 10-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրամանագիր է ստորագրել Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու մասին։ Ավելի վաղ Թուրքիայի Պետական խորհուրդը չեղարկել է Սուրբ Սոֆիայի տաճարը թանգարանի վերածելու մասին` 1934 թվականին ընդունված որոշումը։
Դեռ 2019 թվականի մարտին Էրդողանը հայտարարել էր, որ տաճարի կարգավիճակի փոփոխությունը մուսուլմանների պատասխանն է Իսրայելում ԱՄՆ-ի գործողություններին։ Այսպիսով՝ Թուրքիան դեմ է, որ ԱՄՆ-ն սատարում է Գոլանի բարձրունքների հանդեպ Իսրայելի ինքնավարությանը։
Տաճարը կառուցվել է VI դարում Բյուզանդիայի կայսր Հուստինիանոսի օրոք։
1453 թվականին թուրքերի կողմից Բյուզանդական կայսրության մայրաքաղաքի գրավումից հետո Սուրբ Սոֆիայի տաճարը վերածվեց մզկիթի և մնաց այդ կարգավիճակում մինչև 1934 թվականը։
Այնուհետև Քեմալ Աթաթուրքի որոշմամբ՝ մզկիթը դարձավ թանգարան։ Տաճարը համարվում է համաշխարհային ճարտարապետության նշանավոր հուշարձաններից մեկը, և անկախ թանգարանի կարգավիճակից, շարունակում ընկալվել որպես քրիստոնեության մեծագույն սրբություններից մեկը։
Սուրբ Սոֆիան ուզում են մզկիթ դարձնել. հայ ճարտարապետի վերականգնած գմբեթի տակ նամազ կհնչի՞