ՀՀ նախագահն ու վարչապետը Արցախի կողքին են. Արմեն Սարգսյանը` 4 հիմնասյան մասին

Նախագահը խոսել է Արցախի զարգացման մասին։ Նա կարծում է, որ հզոր երկրի կառուցումը պետք է չորս հիմնասյուն ունենա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Ստեփանակերտում լրագրողների հետ զրույցում ասել է, որ Հայաստանի նախագահը, վարչապետը, կառավարությունը Արցախի կողքին են և ամեն ինչ պետք է անեն, որ այն շարունակի զարգանալ որպես ազատ, ժողովրդավար, հզոր երկիր։

Արմեն Սարգսյանն Արցախում է. նա շնորհակալություն է հայտնել նախագահի պարտված մրցակիցներին

Նա նշել է, որ նախագահական և խորհրդարանական ընտրություններից հետո առաջին անգամ է այցելում Արցախ և կարող է ասել, որ այն ժողովրդավարական և ազատ երկիր է և կարող է ամենաբարձր մակարդակով ընտրություններ անցկացնել։ Նա շատ օգտակար է համարել Արցախի բարձրագույն ղեկավարության հետ ունեցած հանդիպումները ՝ նշելով, որ քննարկումների առանցքում միասնականության գաղափարն էր:

«Արցախն ընտրություններից հետո միասնականության օրինակ է ցույց տալիս այն առումով, որ տարբեր քաղաքական ուժեր միավորվել են նույն կառավարության մեջ և ծառայելու են իրենց հայրենիքին, մեր հայրենիքին՝ Արցախի Հանրապետությանը Կարծում եմ՝ Արցախն ապագայի համար մեկ ընտրություն ունի, և այդ ընտրությունը հզոր պետություն լինելն ու մնալն է: Արցախի հիմնահարցն ուրիշ լուծում չունի, բացի հզոր Արցախից»,-ընդգծել է Սարգսյանը:

Ըստ նրա` հզոր Արցախը պետք է չորս հիմնական սյուների վրա հենվի: Առաջինն արցախահայության հայրենասիրությունն ու կամքն է, որն իր հետևից տանում է նաև ողջ հայությանը: Երկրորդը բանակն է: Նա կարծում է, որ Արցախն ունեցել է և այսօր էլ ունի հաղթական բանակ, և ամեն ինչ պետք է արվի, որ այդ բանակը մնա հիմնական սյուներից մեկը:

Երրորդ սյունն Արցախի տնտեսությունն է, որի առանցքը գյուղատնտեսությունն է: Նախագահի խոսքով` ինքն արցախցի գործընկերոջ հետ մանրամասն ու գործնական քննարկում է ունեցել այս հարցի շուրջ։ Եվ վերջին հենասյունը ժողովրդագրությունն է:

«Արցախը պետություն է, որը կարող է 2-3 անգամ ավելի շատ բնակչություն ունենալ, հետևաբար մի քանի անգամ ավելի մեծ տնտեսություն, հետևաբար ավելի մեծ բանակ», – ընդգծել է Սարգսյանը:

Նշենք, որ աշխատանքային այցի ընթացքում նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել իր գործընկերոջ Արայիկ Հարությունյանի հետ։ Այնուհետև տեղի է ունեցել ընդլայնված հանդիպում, որին մասնակցել են Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը, արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը, պաշտոնատար այլ անձինք: Հանդիպմանն անդրադարձ է եղել Հայաստանի և Արցախի փոխգործակցությանն, Արցախի զարգացմանն ուղղված ծրագրերին:

Արմեն Սարգսյանը նաև հանդիպել է Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանի հետ: